Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահները բարձր են գնահատել Իրանի շուրջ Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Բարաք Օբաման քննարկել են իրանական միջուկային խնդրի շուրջ Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքները և բարձր են գնահատել դրանք, հինգշաբթի Ինտերֆաքսին տեղեկացրել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
«Առաջնորդները բարձր են գնահատել Վիեննայում ավարտված բանակցո
ւթյունների արդյունքները, որոնք վերաբերում են իրանական միջուկային խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը։ Նշվել է, որ այս հարցի քաղաքական–դիվանագիտական լուծմանն ուղղված երկարատև ջանքերի հաջողությունը հնարավոր դարձավ «վեցնյակի» երկրների, Իրանի, ինչպես նաև ԵՄ–ի կառուցողական փոխգործակցության շնորհիվ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի և ԱՄՆ–ի ղեկավարներն ընդգծել են, որ «իրանական միջուկային խնդրի շուրջ ձեռք բերված համապարփակ պայմանավորվածությունը համապատասխանում է միջազգային հանրության շահերին, նպաստում է միջուկային զենքի չտարածման ռեժիմի ամրապնդմանը, մերձարևելյան տարածաշրջանում լարվածության նվազեցմանը»։
«Այս կապակցությամբ շեշտադրված է ռուս–ամերիկյան երկխոսության դերը աշխարհում անվտանգության և կայունության ապահովման գործում», – նշել են մամուլի ծառայությունից։
«Նշվել է, որ փոխադարձ ձգտում կա շարունակելու համատեղ աշխատանքները` ելնելով Վիեննայի պայմանավորվածությունների կայուն իրականացման շահերից, ինչպես նաև միջազգային այլ կարևոր թեմաների հարցով, այդ թվում` միջազգային ահաբեկչության սպառնալիքին հակազդելը»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը նաև շնորհավորել են միմյանց «Սոյուզ–Ապոլլոն» ուղեծրային թռիչքի 40–ամյակի կապակցությամբ, որը կարևոր իրադարձություն է ռուս–ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ։
Մամուլի ծառայությունից ընդգծել են, որ երկու երկրների առաջնորդների միջև հեռախոսային զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ –0–

