Օբաման սեպտեմբերի 3–ին Տալինում կհանդիպի Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի նախագահների հետ

27.08.2014, 16:11
Էստոնիայի ԱԳՆ–ն երեքշաբթի հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Տալինի կատարելիք մեկօրյա այցի ծրագիրը։ Սեպտեմբերի 3–ին նա կհանդիպի Էստոնիայի ղեկավար Տոոմաս Հենդրիկ Իլվեսի և վարչապետ Տաավի Ռիյվասի, ինչպես նաև Լատվիայի և Լիտվայի առաջնորդների հետ։
Օբաման սեպտեմբերի 3–ին Տալինում կհանդիպի Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի նախագահների հետ

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Էստոնիայի ԱԳՆ–ն երեքշաբթի հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Տալինի կատարելիք մեկօրյա այցի ծրագիրը։ Սեպտեմբերի 3–ին նա կհանդիպի Էստոնիայի ղեկավար Տոոմաս Հենդրիկ Իլվեսի և վարչապետ Տաավի Ռիյվասի, ինչպես նաև Լատվիայի և Լիտվայի առաջնորդների հետ։

ԱՄՆ նախագահը պետք է Էստոնիա ժամանի սեպտեմբերի 3–ի լույս գիշերը, Air Force One նախագահական ինքնաթիռի վայրէջքից հետո Օբաման կուղևորվի Տալինի կենտրոնական հյուրանոց։

ԱՄՆ նախագահի այցի պաշտոնական մասը կսկսվի չորեքշաբթի առավոտյան Կադրիորգ այգու պալատում Էստոնիայի ղեկավար Տոոմաս Հենդրիկ Իլվեսի հետ հանդիպմամբ։ Դրան կհետևի երկու երկրների նախագահների համատեղ մամուլի ասուլիսը։ Այնուհետև Օբաման կուղևորվի կառավարության տուն, որտեղ կզրուցի Էստոնիայի վարչապետ Տաավի Ռիյվասի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այնուհետև կկայանա Օբամայի հանդիպումը Լատվիայի և Լիտվայի նախագահներ Անդրիս Բերզինշի և Դալյա Գրիբաուսկայտեի հետ։ Նախագահները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ։

Այցի ընթացքում Օբաման նաև բաց խոսքով հանդես կգա Nordea համերգասրահում ճաշից հետո։ Երկրից մեկնելուց առաջ ամերիկացի նախագահը վարչապետ Ռիյվասի հետ կհանդիպի էստոնացի և ամերիկացի զինծառայողների հետ, ովքեր այս պահին Տալինից ոչ հեռու գտնվող Էմարի ավիակայանում են։ Օրվա երկրորդ կեսին ԱՄՆ նախագահը կմեկնի Ուելս` ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին, որը կանցկացվի սեպտեմբերի 4-5–ը։

Էստոնիան ժամանակավոր սահմանային վերահսկողություն կսահմանի ԱՄՆ նախագահի այցից առաջ` կիրակի օրը` օգոստոսի 31–ին,տեղական ժամանակով ժամը 14։00–ից (Մոսկվայի ժամանակով`15.00) մինչև սեպտեմբերի 3–ը, երբ Օբաման կմեկնի երկրից։ Օբամայի այցի ընթացքում հասարակական կարգը կպահպանեն մոտ 1700 ոստիկաններ։ -0-