Երբ ամերիկացի լրագրողների ձեռքին է հայտնվել տեղեկությունն այն մասին, թե ԱՄՆ նախագահի կինը հանդիպում է ունեցել ամուսնալուծությունների գործով զբաղվող փաստաբանների հետ, լրագրողներն անմիջապես անհամերաշխություն են նկատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նրա տիկնոջ` Միշելի հարաբերություններում։
Ինչպես հաստատում է National Enquirer ամերիկյան պարբերականը` հղում անելով անանուն աղբյուրին, այժմ ամուսինները տարբեր սենյակներում են գիշերում։
Բացի այդ, նրանք իբր լրջորեն քննարկում են հնարավոր ամուսնալուծությունը, իսկ առաջին տիկինը նույնիսկ պատրաստվում է ամուսնու իրերը հանել Չիկագոյի շքեղ տնից։
Ամուսինների հարաբերությունների ենթադրյալ վատացման մասին խոսակցություններն ի հայտ եկան այն ժամանակ, երբ լրագրողները նկատել են, որ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի ժամանակ ԱՄՆ նախագահը ջերմ զրուցել է Դանիայի վարչապետ Հելե Թորնինգ Շմիդտի հետ, ինչպես նաև լուսանկարվում նրա հետ։ Ըստ պարբերականի տեղեկատվության, Միշել Օբաման զայրացել է դրանից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Վերջին տարիներին Բարաքի և Միշելի հարաբերությունները բարդացել են և հիմնականում պահպանվել են դստրերի և նրա քաղաքական կարիերայի շնորհիվ»,– ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի խոսքն է մեջբերում National Enquirer–ը։
Այդ տեղեկատվության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն հրապարակվել։
Սա առաջին դեպքը չէ, երբ ԶԼՄ–ներում տեղեկություն է հայտնվում Բարաք և Միշել Օբամաների հնարավոր ամուսնալուծության մասին. 2000թ.–ին տեղեկացվում էր, որ Միշել Օբաման պատրաստվում է ամուսնալուծվել և նույնիսկ փաստաթղթեր է նախապատրաստել։ Ներկա պահին ԱՄՆ նախագահը, առաջին տիկինը և նրանց երեխաները` Սաշան և Մալիան, գտնվում են Հավայան նահանգի վարչական կենտրոնում` Հոնոլուլույում։ –0–