Բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը «Սեզար» ֆրանսիական կինոակադեմիայի պատվավոր մրցանակ կստանա, ուրբաթ հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆրանս Պրես գործակալությանը:
«Քեյթ Ուինսլեթը «Տիտանիկի» անմոռանալի հերոսուհին է և Պոլանսկու «Ջարդեր» ֆիլմի հերոսուհին: Ի դեպ, «Սեզար» մրցանակը նրան կշնորհի հենց Պոլասնկին»,- հայտնել է Ֆրանսիայի կինոարվեստների ակադեմիայի նախագահ Ալեն Թերզյանը:
Մրցանակը կհանձնվի 37-րդ պաշտոնական արարողության ժամանակ, որը տեղի կունենա փետրվարի 24-ին Փարիզում:
Թերզյանը նշել է, որ անցած տարին ֆրանսիական կինոյի համար անհավանական է դարձել՝ երկրի կինոդահլիճների այցելությունների քանակը գերազանցել է 215 միլիոնը, ինչը 45 տարվա ընթացքում Ֆրանսիայում առավելագույն արդյունք է համարվում:
«Ֆրանսիական կինոարտադրությունը շատ է հարստացել կրակոտ, անկանխատեսելի, նույնիսկ անհավանական տաղանդների անսպասելի հայտնությամբ»,- ասել է նա: -0-