ԱՄՆ-ում ոչնչացվել է քիմիական զենքի խոշորագույն պահոցը
Ամերիկյան Յուտա նահանգում ոչնչացվել է աշխարհի խոշորագույն քիմիական ռազմամթերքի պահոցը, չորեքշաբթի հաղորդում է Salt Lake Tribune թերթը:
«Մենք կարող ենք ազնվորեն ասել, որ Տուելում քիմիական նյութերի ոչնչացումը երկիրն ավելի անվտանգ է դարձնում»,- թերթը մեջբերում է օբյեկտի հրամանատար, գնդապետ Մարկ Փոմրոյի խոսքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Լրագրողներին տեսահեռարձակմամբ ցույց են տվել, թե ինչպես են Տուելի վերջին 23 արկերը, որոնցից դուրս էր հանվել իպրիտային «լցոնը», տեղադրվել են հալեցման վառարանում: Ինչպես նաև 2 հազար 267 կիլոգրամ նյութ է ուղարկվել հեղուկ թափոնների ուտիլիզատոր, բայց, ինչպես նշում է պարբերականը, այդ գործընթացը մի քանի օր է պահանջում, և ռազմամթերքը լիովին կոչնչացվի ուրբաթ կամ շաբաթ օրը:
Տուել շրջանի պահեստում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ԱՄՆ-ի քիմիական զենքի ողջ պաշարների 44 տոկոսն էր պահվում: Սակայն Միացյալ Նահանգները չի հասցնի տեղավորվել մինչև այս տարվա ապրիլի 29-ը, որը քիմիական զենքի ոչնչացման վերջնաժամկետն է՝ հաստատված աշխարհի 188 երկրի կողմից, քանի որ ոչնչացման մյուս երկու օբյեկտներում՝ Կենտուկիում և Կոլորադոյում աշխատանքները դեռ չեն սկսվել, նշում է Salt Lake Tribune-ը:
Տասնամյակներ շարունակ ամերիկյան բանակը բաց երկնքի տակ էր պահեստավորում քիմիական ռազմամթերքը: Անցած դարի 70-ական թվականներին այդ պրակտիկան դադարեցվեց, քանի որ շրջակա միջավայրի համար սպառնալիք էր ներկայացնում: Դրանից հետո ևս տասը տարի պահանջվեց, որպեսզի դրանց ոչնչացման համար անվտանգ միջոց գտնեն:
Եվս մեկ թերթ՝ տեղական Deseret News-ը գրում է, որ Յուտայում քիմիական զենքի պահեստի ոչնչացման աշխատանքը տևել է 16 տարի և 3 մլրդ դոլար է ծախսվել:
Ըդնհանուր առմամբ ԱՄՆ տարածքում գտնվող ինը նման պահոցներից յոթն արդեն ոչնչացվել է: Մնացել է 80-ական թվականներին պաշտոնապես հայտարարված 31,5 հազար տոննա ընդհանուր զանգվածով պաշարների միայն 10 տոկոսը Կոլորադոյում և Կենտուկիում: Չորեքշաբթի օրվա դրությամբ ԱՄՆ-ում ոչնչացվել է 27 հազար 468 տոննա քիմիական նյութ: -0-

