ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինայի խորհրդարանը հինգշաբթի նիստի ժամանակ ընդունել է օրենք, որով արգելվում է գովազդն ու այն ծրագրերի հեռարձակումը, որոնցում հեռուստադիտողներին և ռադիոլսողներին բախտագուշակների ծառայություններ են առաջարկվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Համապատասխան փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 320 խորհրդարանական՝ անհրաժեշտ 226 ձայների դեպքում:
«Այսօրվա դրությամբ հեքիմների, մոգերի, էքստրասենսների, աստղաբանների ծառայությունների տրամադրման ոլորտը գործող օրենսդրությամբ ամբողջությամբ կարգավորված չէ: Այս ամենի կապակցությամբ նրանց գործունեությունը չի վերահսկվում, ինչը հանգեցնում է մասսայական չարաշահման, քաղաքացիների խաբեության և բնակչությունից գումար կորզելուն», - նշվում է օրենքին կից բացատրական գրառման մեջ:
Փաստաթղթի հեղինակների խոսքերով՝ բախտագուշակների և հեքիմների ծառայությունների գովազդն արգելող օրենքի ընդունումը պայմանավորված է ժողովրդական պատգամավորներին քաղաքացիների մեծ թվով դիմումներով:
Այս օրենքը ուժի մեջ կմտնի հրապարակումից տասն օր անց:-0-