ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Տալլինի քաղաքապետ Էդգար Սավիսաարն առաջարկել է 2013թ.-ից էստոնական մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթևեկությունն անվճար դարձնել, չորեքշաբթի հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ohtuleht թերթին:
Ինչպես իր հոդվածում գրում է Սավիսաարը, քաղաքապետարանը մարտի 19-25-ն անվճար երթևեկության թեմայով քաղաքացիների շրջանում հարցում կանցկացնի: Եթե Տալլինի բնակիչներն աջակցեն այդ գաղափարին, ապա հասարակական տրանսպորտի երթևեկությունն անվճար կդառնա:
«Հասարակական տրանսպորտի ծառայությունը հնարավոր է դիտարկել որպես սոցիալական օգնության միջոցներից մեկը: Օրինակ՝ քաղաքն անապահով ընտանիքների երեխաներին արդեն հասարակական տրանսպորտի անվճար երթևեկություն է առաջարկում: Թոշակառուներն արդեն քանի տարի է անվճար են օգտվում հասարակական տրանսպորտից: Հասարակական տրանսպորտի անվճար երթևեկությունը անապահով նյութական հանգամանքներում շատ մարդկանց թույլ կտա գոնե լավ սնվել տնտեսած գումարի շնորհիվ»,- գրում է քաղաքապետը:
Ըստ պարբերականի տվյալների՝ 2012թ.-ին Տալլինի իշխանությունները նախատեսում են հասարակական տրանսպորտի ճանապարհային տոմսերի և տալոնների վաճառքից ավելի քան 20 մլն եվրո գումարի չափով շահույթ ստանալ: Այդ միջոցները պետք է ավելի քան եռակի անգամ ծածկեն մայրաքաղաքի Տրանսպորտային դեպարտամենտի ծախսերը, որոնք կազմում են 57,3 մլն եվրո: Հասարակական տրանսպորտի մնացած ծախսերը ծածկվում են քաղաքային բյուջեից:
Իր հոդվածում քաղաքապետը չի բացատրել, թե ինչպես է ենթադրվում փակել բյուջեի բացը, եթե տոմսերի վաճառքից եկամուտ չլինի: -0-