Չելսի Քլինթոնն առաջին անգամ ներկայացավ որպես հեռուստատեսային թղթակից
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնն առաջին անգամ հայտնվեց հեռուստաէկրաններին որպես NBC հեռուստաալիքի նոր եթերաշրջանի հատուկ թղթակից:
Nightly News գիշերային լուրերի հեռարձակման ժամանակ Չելսիին հրավիրել էին ստուդիա: Նա ներկայացրեց «Making a Difference» իր ռեպորտաժը, որը պատմում էր Արկանզաս նահանգի Փայն Բլաֆ քաղաքի բնակչուհու մասին, ով բարեգործություն է անում հարյուրավոր երեխաների համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Քլինթոնը հարցազրույց է վերցրել Անեթա Դավից (Annette Dove), ով TOPPS բարեգործական կազմակերպության հիմնադիրն է, որի մանկական կենտրոնում աշխատանք է տարվում նաև անապահով ընտանիքների երեխաների հետ: Իր ռեպորտաժում Քլինթոնը նշել է, որ Դավը բավականին դժվարին ֆինանսական դրության մեջ է, նա իր վերջին գումարը տալիս է բարեգործական ծրագրին: Ռեպորտաժից հետո հաղորդավարն առաջարկել է այն մարդկանց, ովքեր կարեկցում և ցանկանում են օգնել TOPPS կենտրոնին, տեղեկանալ կազմակերպության կոնտակտների հետ հեռուստաալիքի պաշտոնական կայքերից մեկում:
NBC-ի հաղորդավարը, ով Չելսի Քլինթոնին ներկայացրել է որպես հեռուստաալիքի նոր աշխատակցի, նշել է, որ Քլինթոնի ռեպորտաժները կանոնավոր կերպով են եթեր հեռարձակվելու:
Հեռուստաալիքի նախագահ Սթիվ Քեփուսի (Steve Capus) խոսքով՝ Չելսին այս տարվա հուլիսին սկսել է բանակցությունները NBC News ծրագրում հնարավոր մասնակցության շուրջ, ընդ որում սկզբից բանակցություններն ընթացել են միջնորդի միջոցով: Այնուհետը Քեփուսը երկար զրուցել է Սպիտակ տակ նախկին ղեկավարի դստեր հետ, և արդյունքում որոշվել է աշխատանքի ընդունել Չելսիին: Նա նոյեմբերին առաջին անգամ հանդես է եկել NBC News-ի հատուկ թղթակցի պաշտոնում:
Ինչպես տեղեկացրել է New York Times-ի աղբյուրը, Չելսի Քլինթոնը մտադիր է NBC News-ում վաստակած գումարը փոխանցել Clinton Foundation ոչ առևտրային կազմակերպությանը, որի հիմնադիրը նրա հայրն է: Նա նաև ցանկանում է իր աշխատավարձի մի մասը նվիրաբերել Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հիվանդանոցին: Թերթի զրուցակցի խոսքերով՝ այդպես է նրան կարգադրել տատիկը, ով նոյեմբերին հեռացել է կյանքից:-0-

