Խորվաթ լրագրող Ջեյմս Ջ. Բրեդոքը (James J Braddock) դատի է տվել ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլիին (Angelina Jolie)՝ մեղադրելով նրան իր ռեժիսորական դեբյուտի՝ «Արյան և մեղրի երկրում» (In the Land of Blood and Honey) ֆիլմի սյուժեն գողանալու մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով 24 sata թերթին:
Բրեդոքը (ում իսկական անունը, պարբերականի տվյալներով, Յոսիփ Կնեժևիչ է) հայտնել է, որ հանրահայտ դերասանուհին որպես սյուժեի հիմք է վերցրել նրա «Հոգու քայքայում» (хорв. Slamanje duse) վեպը: Ինչպես գրում է 24 sata-ն, Կնեժրիչը նախորդ տարվա նոյեմբերին մեկնել է Բուդապեշտ, որ «անձամբ Ջոլիին ասելու, որ նա գողացել է Կնեժևիչի սյուժեն, սակայն չի հասցրել նրան հանդիպել Հունգարիայի մայրաքաղաքում»: Հունգարիայում, ուր իբր ուղևորվել է Կնեժևիչը, ընթանում էին ժապավենի նկարահանումները:
«Արյան և մեղրի երկրում» ֆիլմը, որը պետք է դուրս գա ԱՄՆ-ում այս տարվա դեկտեմբերի 23-ին, նվիրված է Բոսնիայի և Հերցեգովինայի 1992-1995 թվականների քաղաքացիական պատերազմին: -0-