ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողոը կոչ է անում Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի իշխանություններին օրենսդրորեն արգելել հղիության վաղ շրջանում երեխայի սեռի որոշումն ու կապված սեռից՝ հղիության ընդհատումը:
Վեհաժողովի պաշտոնական կայքում տեղադրված ԵԽԽՎ-ի հոկտեմբերի 3-ի բանաձևում նշվում է, որ երեխայի սեռի պերինատալ ընտրությունը հասել է «մտահոգիչ մասշտաբների» Ալբանիայում, Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում:
Վեհաժողովը կոչ է արել բոլոր անդամ-պետություններին «օրենսդրական փոփոխություններ մտցնել՝ երեխայի սեռի պերինատալ ընտրությունն արգելելու նպատակով օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների և հղիության օրինական ընդհատման առկայության համատեքստում, բացի այն դեպքերից, երբ դա արդարացված է՝ լուրջ ժառանգական հիվանդություններից խուսափելու նպատակով»:
«Այն դեպքում, երբ սեռերի բնական հարաբերակցությունը կազմում է 105 տղա՝ 100 աղջկան, Ալբանիայում, Հայաստանում և Ադրբեջանում այս ցուցանիշը կազմում է 112 տղա 100 աղջկան, իսկ Վրաստանում՝ 111 տղա 100 աղջկան», - նշվում է փաստաթղթում:
ԵԽԽՎ-ն խնդրում է այդ երկրների իշխանություններին «ուսումնասիրել ծննդաբերության ժամանակ սեռերի հարաբերակցությունում նման շեղման պատճառները»:
Բացի այդ, փաստաթղթում ԵԽԽՎ-ն կոչ է անում այդ երկրների իշխանություններին թրեյնինգներ կազմակերպել բուժանձնակազմի համար սեռի պերինատալ ընտրության և նրա բացասական հետևանքների մասին ու ակտիվացնել հասարակությունում կանանց կարգավիճակի բարձրացմանն ուղղված ջանքերը:
Շահագրգիռ կառավարությունները պետք է հավաստի տվյալներ հավաքեն ծննդաբերության ժամանակ սեռերի հարաբերակցության մասին, այդ թվում նաև իրենց երկրների տարբեր մարզերում:-0-