Մինչև 12 տարեկան երեխաները ստիպված չեն լինի ԱՄՆ օդանավակայանում հանել կոշիկները. նախարար
Մինչև 12 տարեկան երեխաները ստիպված չեն լինի ամերիկյան օդանավակայաններում զննման ժամանակ հանել կոշիկները, թեև որոշ բացառություններ հնարավոր է լինեն, հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն:
«Խոսքը ոչ միայն այն մասին է, որ երեխաները չպետք է կոշիկները հանեն, այլ նաև նրանց անձամբ զննելու ընթացակարգը հանելու մասին»,- ասել է նախարարը՝ երեքշաբթի ներքին անվտանգության սենատական կոմիտեի առջև ելույթ ունենալով:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», միաժանակ նա ընդգծել է, որ ծնողները չպետք է զարմանան, եթե իրենց երեխաներին այնուամենայնիվ խնդրեն հանել կոշիկները:
«Պատահական ստուգումները նաև հնարավոր են հատուկ կարգավիճակից օգտվող խմբերի մարդկանց, այդ թվում նաև 12 տարեկանից փոքր երեխաների թվում: Բայց առաջիկա ամիսներին, կարծում եմ, ուղևորները կսկսեն նկատել փոփոխությունները»,- նշել է Նապոլիտանոն: -0-

