Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին իր կողմնակիցներին ուղղված հերթական տեսաուղերձում երկրից հեռանալու մասին տեղեկատվությունը համարել է «հոգեբանական պատերազմ և սուտ» և իրեն հավատարիմ ուժերին պայքարը շարունակելու կոչ է արել, հինգշաբթի հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը:
Տեսաուղերձը հեռարձակել է Arrai սիրիական հեռուստաալիքը: Քադաֆին կոչ է արել իրեն հավատարիմ լիբիացիներին չզիջել «թույլ և ստոր թշնամիներին» ովքեր, նրա խոսքերով, ցանկանում են թուլացնել իր կողմնակիցների բարոյական ոգին:
«Նրանք այլևս ոչինչ չեն կարողանում անել բացի հոգեբանական պատերազմից և ստից: Վերջին անգամ նրանք ասել էին, թե Քադաֆիին տեսել են Նիգեր ուղևորվող պահակախմբի կազմում», - հայտարարել է գնդապետը:
Նրա խոսքով՝ ամեն օր Սուդանի, Չադի, Մալիի և Ալժիրի հետ Լիբիայի սահմանը հատում են հազարավոր ուղեկցորդ պահակախմբեր, որոնք մաքսանենգների և առևտրականների են տեղափոխում: Ինչպես հայտարարել է Քադաֆին, այդ պահակախմբերից մեկն ուղևորվում էր Նիգեր, ինչի մասին տեղեկացրել են արևմտյան ԶԼՄ-ները:
Նա համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն «կջախջախվի», քանի որ դաշինքի «լոգիստիկ հնարավորությունները» թույլ չեն տա նրան շարունակել ռազմական միջամտությունը:
«Տրիպոլիում և մյուս քաղաքներում մենք պատրաստ ենք ուժեղացնել հարվածները առնետների, վարձկանների, շների ոհմակի դեմ», - հայտարարել է Քադաֆին՝ հերթական անգամ կոչ անելով կողմնակիցներին մինչև վերջ պայքարել «ապստամբների» դեմ:
Երեքշաբթի ֆրանսիական զինվորական աղբյուրները տեղեկացրել էին, որ Լիբիայի և Նիգերի սահմանը հատել են շուրջ 200 ռազմական մեքենաներ: Աղբյուրները նաև տեղեկացրեցին, որ այդ պահակախմբին կարող էին միանալ Մուամար Քադաֆին և նրա որդի Սեյֆ ալ-Իսլամը: Այսպիսով, գնդապետն ու նրա որդին կարող էին հայտնվել Նիգերի սահմանի վրա գտնվող Բուրկինա-Ֆասոյում, որի իշխանությունները բազմաթիվ անգամ ապաստան են առաջարկել Լիբիայի առաջնորդին և նրա ընտանիքին:
Փետրվարի կեսին Լիբիայում զանգվածային ցույցեր սկսվեցին՝ Քադաֆիի հրաժարականի պահանջով, որոնք վերաճեցին զինված դիմադրության կառավարական ուժերի և խռովարարների միջև: Այս դիմադրության զոհերի թիվը հասնում է հազարների: Լիբիայի արևելքում գտնվող Բենգազի քաղաքում փետրվարի 27-ին ապստամբներն Անցումային ազգային խորհուրդ (ԱԱԽ) ձևավորեցին, որը հայտարարեց երկրում իշխանության միակ լեգիտիմ մարմինը:
ՄԱԿ-ի ԱԽ-ն մարտի 17-ին անթռիչք գոտի է մտցրել Լիբիայում։ Անթռիչք գոտու ապահովման, զենքի մատակարարման արգելքի և քաղաքացիական բնակչության պաշտպանության համար արևմտյան երկրների կոալիցիան մարտի 19-ին հերթական ռազմական օպերացիան է սկսել Լիբիայում, որի ղեկավարությունը մի քանի օր անց ամբողջությամբ անցել է ՆԱՏՕ-ին։ Օպերացիայի մանդատը լրանում էր հունիսի 27-ին, բայց ՆԱՏՕ-ն երկարացրել է օպերացիան 90 օրով՝ մինչև սեպտեմբերի վերջ։
Օգոստոսի 22-ին ապստամբ ջոկատները զբաղեցրել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մեծ մասը: Հաջորդ օրը ապստամբների ուժերն իրենց վերահսկողության տակ են առել կառավարական զորքերի վերջին կետը՝ Բաբ ալ Ազիզիա թաղամասը, որտեղ գտնվում է Մուամար Քադաֆիի նստավայրը:
Այս ամենից հետո Ժամանակավոր անցումային խորհուրդը (ԺԱԽ) հայտարարեց նախկին ռեժիմի նկատմամբ իր վերջնական հաղթանակի մասին:
Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Լիբիայի ԺԱԽ-ին՝ որպես գործող իշխանություն:-0-