Ճապոնիայի Դեմոկրատական կուսակացության առաջնորդ Յոսիխիկո Նոդան ընտրվել է երկրի նոր վարչապետ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների ձայների մեծամասնությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Յոսիխիկո Նոդան նախօրեին ընտրվել է իշխող Դեմոկրատական կուսակցության ղեկավար, որը ձայների մեծամասնություն ունի խորհրդարանի ստորին պալատում։ Դա տեղի է ունեցել նրանից հետո, երբ նախորդ ուրբաթ օրն այդ պաշտոնի նրան նախորդող Նաոտո Կանը հայտարարել է իր հրաժարականի մասին։
Վարչապետի պաշտոնում Նոդայի ընտրվելուն կողմ է քվեարկել ստորին պալատի 308 պատգամավոր։ Դա բավականին գերազանցում է հաղթանակի համար անհրաժեշտ 239 ձայնը՝ ներկա պատգամավորների ձայների կեսը։
Նոդան դարձել է Ճապոնիայի 95-րդ վարչապետը և երրորդը՝ դեմոկրատների իշխանության գալու պահից ի վեր, վերջին երկու տարիների ընթացքում։
Այնուամենայնիվ, խորհրդատուների պալատում քվեարկությունը նոր է սկսվել՝ այստեղ մեծամասնությունը պատկանում է ընդդիմությանը։ Այսպիսով, վերին և ստորին պալատների քվեարկության արդյունքները կարող են տարբերվել։ Այդ դեպքում ուժի մեջ է մտնում սահմանադրության այն դրույթը, որի համաձայն՝ առավելություն ունի ստորին պալատի որոշումը։ -0-