Լիբիացի խռովարարների ղեկավարությունը տեղեկություն չունի, թե որտեղ է ներկայումս Մուամար Քադաֆին, երկուշաբթի «Ալ Արաբիա» հեռուստաալիքին հայտնել է Լիբիայի Անցումային ազգային խորհրդի առաջնորդ Մուսթաֆա Աբդել Ջալիլը:
«Ոչ ոք հիմա չգիտի, թե որտեղ է նա: Մենք փորձում ենք դա պարզել»,- ասել է լիբիական Ազգային խորհրդի ղեկավարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ներկայումս դաժան մարտեր են ընթանում լիբիական մայրաքաղաքի Բաբ ալ Ազիզիա թաղամասում, որտեղ գտնվում է Քադաֆիի նստավայրը: Խռովարարներն ասում են, որ մեծ կորուստներ են կրում: Նստավայրը պահպանող կառավարական զորքերը ծանր զրահատեխնիկա են կիրառում:
ԶԼՄ-ները հայտնում են, որ Տրիպոլիի կենտրոն Բաբ ալ Ազիզիայի պաշտպպանվողներին օգնության են փորձում գալ Քադաֆիի որդի Խամիսի հատուկ բրիգադները:
Երկուշաբթի լուսաբացին լիբիացի խռովարարները կարողացել են իրենց վերահսկողության տակ առնել գրեթե ողջ Տրիպոլին` բացառությամբ ամրացված Բաբ ալ Ազիզիա թաղամասի: Ապստամբները հայտնել են, որ լիբիացի առաջնորդի հավատարիմ զինվորները թողնում են զենքը և զանգվածային կերպով հանձնվում: Կառավարության հակառակորդները ձերբակալել են Քադաֆիի երկու ոդիներին՝ Մուհամեդին և Սեյֆ ալ Իսլամին: Լիբիացի առաջնորդի ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: -0-