ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Բենինը դարձել է Սերբիայից Կոսովոյի անկախությունը ճանաչած 80-րդ պետությունը, հինգշաբթի հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը՝ հղում անելով ինքնահռչակ հանրապետության փոխվարչապետ Բեդջեթ Պակոլիին:
«Ճանաչման մասին վկայականը ներկայացվել է պարոն Պակոլիին Բենինի նախագահ Յայի Բոնիի կողմից», - նշվում է Կոսովոյի քաղաքական գործչի տեղեկատվական համակարգի հայտարարության մեջ: Կոսովոյի փոխվարչապետն այժմ շրջագայում է Աֆրիկայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ շրջագայության ընթացքում Պակոլին հայտարարել է Գվինեայի և Նիգերի կողմից Պրիշտինայի ինքնավարության ճանաչման մասին: Այն ժամանակ նշվում էր, որ Պակոլիի հայտարարությունը հաստատող որևէ փաստաթուղթ չի ներկայացվել:
Փոխվարչապետը նաև հայտարարել է, որ Տանզանիայի և Մալիի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում նա այդ պետությունների կողմից Կոսովոն ճանաչելու մասին հարցը քննարկելու հստակ խոստում է ստացել:-0-