Օբամայի՝ 2012 թվականի նախընտրական քարոզարշավը կառուցվում է գլխավոր մրցակցին «ոչնչացնելու» վրա. թերթ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավը հիմնականում կկառուցվի ներկայում գործող նախագահի գլխավոր մրցակից, հանրապետական Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի քաղաքական «ոչնչացման» վրա։
«Եթե ոչինչ չփոխվի, և Օբամային չհաջողվի առաջ անցնել իր նվաճումներով, ապա նա ստիպված կլինի «սպանել» Ռոմնիին»,- Politico վաշինտոնյան թերթը մեջբերում է Սպիտակ տանը մոտ կանգնած ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչներից մեկի խոսքերը։
Ներկա պահին Ռոմնին նախագահի՝ հանրաճանաչությամբ երկրորդ թեկնածուներից է, նշում է ՌԻԱ Նովոստին։
«Ճնշում կլինի երկու կողմից։ Առաջինն անձնականն է։ Օբամայի վերընտրման քարոզարշավը կպատկերի հասարակական գործիչ Ռոմնիին որպես ոչ անկեղծ, անսկզբունքային և, Օբամայի խորհրդականների կողմից տասնյակ հարցազրույցներում կրկնած բառով՝ «տարօրինակ»»,- գրում է Politico-ն։
Թերթի մեկ այլ աղբյուրի համաձայն, Ռոմնիի որոշակի շփոթվածությունը կվանի բազմաթիվ ընտրողների, իսկ ահա նախագահական թիմը բաց չի թողնի այդ հանգամանքի վրա ուշադրություն դարձնելու հնարավորությունը։
«Ռոմնին մի փոքր տարօրինակ է, դա նկատելի է ժողովրդի հետ նրա շփման մեջ... Նախագահի և Ռոմնիի գոտեմարտը հիմնականում հիմնված կլինի նրա բնավորության վրա»,- Politico-ն մեջբերում է իր զրուցակցի խոսքը։
Մյուս պահը, որ պատրաստվում է օգտագործել նախագահի նախընտրական թիմը՝ Ռոմնիի գործունեությունն է Bain Сapital վենչուրային ֆիրմայի ղեկավարի պաշտոնում։
Օբամայի մարդիկ մտադիր են Ռոմնիին պատկերել որպես ճգնաժամի տարիներին ընչաքաղցության մարմնավորում, Գորդոն Գեկոյի քաղաքական կերպար (Մայքլ Դուգլասի հերոսը «Ուոլ սթրիթ» ֆիլմում)։
Անուղղակիորեն այդ տեղեկությունը հաստատեց Օբամայի 2008 և 2012 թվականների նախընտրական քարոզարշավների ռազմավարության մշակող Դավիդ Ասքերոլդը։
«Նա (Ռոմնին) շատ լավ շահույթի է հասել իր և իր գործընկերների համար, բայց ոչ նույնքան լավ է փորձել աշխատատեղեր պահպանել մարդկանց համար։ Նա պատկանում է այն տեսակին, որը մենք վերջին տասը տարիների ընթացքում տեսել ենք Ուոլ սթրիթում։ Նրա կյանքի գլխավոր իմաստը փողն է։ Դա նորմալ է։ Բայց հաճախ դա արվել է սովորական մարդկանց աշխատատեղերի հաշվին»,- ասել է Ասքերոլդը։
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2012 թվականի նոյեմբերի 6-ին։ -0-

