ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մանսուր ալ-Իսաուին որոշում է կայացրել ավելի քան 660 օտարերկրացիներին քաղաքացիություն հատկացնելու մասին, այդ թվում են 607 պաղեստինցի երեխաները, որոնց մայրերը եգիպտացիներ են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պաղեստինյան ԶԼՄ-ներին:
Բացի պաղեստինցիներից, այդ որոշման համաձայն, քաղաքացիություն է ստացել 28 սուդանցի, երեք հորդանանցի, երկու եմենցի, չորս լիբիացի, հինգ սիրիացի և Լիբանանի, Իրաքի, Ալժիրի, Մարոկկոյի, Սյեր-Լեոնի, Կանադայի, Հունաստանի և Բուլղարիայի մի քանի քաղաքացիներ:
Բացակայում են պաղեստինցիների քանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները, որոնց մայրերը եգիպտացիներ են, բայց ենթադրվում է, որ նրանց քանակը հազարավորներ է հաշվվում, ովքեր հիմնականում Եգիպտոսում և Գազայի հատվածում են բնակվում: Պաղեստինցիների հայտերի ընդունումը, որոնց մայրերը եգիպտացիներ են, սկսվել է միայն մայիսի 10-ին:
2004թ.-ին քաղաքացիության մասին եգիպտական օրենքում ուղղումներ էին մտցվել, որոնք թույլ են տալիս օտարերկրացիների հետ ամուսնացած եգիպտացիներին իրենց երեխաներին եգիպտական քաղաքացիություն տալ, բայց բացառություն է կազմում պաղեստինցիների հետ ամուսնությունը: Դա բացատրվում է Արաբական պետությունների լիգայի որոշմամբ, որն ընդունվել է անցած հարյուրամյակի 50-ական թվականներին, թույլ չտալ պաղեստինցիներին արաբական երկրների քաղաքացիություն ստանալ, որպեսզի պահպանվի նրանց պաղեստինյան ինքնությունը:
Եգիպտոս ուղևորվելու համար պաղեստինցի քաղաքացիներից պահանջվում է նախօրոք ստանալ մուտքի արտոնագիր, ինչը հաճախ անհնար է կամ շատ ժամանակ է պահանջում: Գազայի հատվածի տարածքում բնակվող մի քանի պաղեստինցիներին է միայն թույլատրվում Եգիպտոսով անցնել պաղեստինյան անկլավ վերադառնալու կամ երրորդ երկիր ուղևորվելու համար: -0-