ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահը հրահանգել է արգելել այն անձանց մուտքն ԱՄՆ, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են մարդու իրավունքների խախտման, ցեղասպանության ու ռազմական հանցագործությունների հետ, ինչպես նաև «չարագործությունների կանխարգելման աշխատախումբ» է հիմնել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Այդ անձանց մուտքն ԱՄՆ կարող է վնասել Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը։ Նման անձանց թվին են պատկանում այն բոլոր օտարերկրացիները, ովքեր ծրագրել, հրամայել կամ օգնել են բռնության զանգվածային ակտեր իրականացնել քաղաքացիական բնակչության դեմ ռասայական պատկանելիության, սեռային, սեռական կողմնորոշման, ցեղային և սոցիալական որոշակի խմբերի պատկանելիության սկզբունքներով, ինչպես նաև քաղաքական հայացքներով։ Արգելվում է նաև ռազմական հանցագործությունների հետ կապված անձանց մուտքը»,- ասվում է հինգշաբթի Բարաք Օբամայի կողմից ստորագրած և Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածած հրամանագրում։
Նախագահն ԱՄՆ-ի պետքարտուղարին լիազորություններ է տվել «անցանկալիության» աստիճան սահմանել այն անձանց համար, ովքեր կփորձեն մուտք գործել երկիր, և արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի վրա է դրել հրամանագրի կատարման վերահսկողության պարտավորությունները։
«Նախագահական հրահանգի շրջանակներում ստեղծվում է նոր կարևոր գործիք՝ Չարագործությունների կանխարգելման միջգերատեսչական գործակալություն։ Այն կզբաղվի ռազմավարության մշակմամբ և որոշումների ընդունման համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներին տրամադրվող տեղեկությունների արդիականացմամբ», - ասվում է նախագահի կողմից հրամանագրի ստորագրումից հետո Սպիտակ տան տարածած տեղեկանքում։
Օբաման որոշում է ընդունել արգելել մարդու իրավունքների խախտման և ցեղասպանության հետ կապված անձանց մուտքն ԱՄՆ 2011 թվականի ազգային անվտանգության ռազմավարության իրագործման շրջանակներում։ -0-