Սիրիայի նախագահ Բաշիր Ասադը հինգշաբթի N100 հրամանագիր է ստորագրել քաղաքական կուսակցությունների ստեղծման և գործունեության օրենքի՝ ուժի մեջ մտնելու վերաբերյալ, որը փաստորեն բազմակուսակցական համակարգ է հաստատում և որով ավարտվում է երկրի քաղաքական կյանքում մինչ օրս Արաբական սոցիալիստական վերածնման (ԲԱԱՍ) իշխող կուսակցության մենաշնորհային ժամանակաշրջանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԲԱԱՍ-ը, Սահմանադրության համաձայն, դիտարկվել է որպես «սիրիական պետության և ժողովրդի ղեկավար ուժ»։
Նախորդ ամսվա վերջում Սիրիայի կառավարությունը հավանության է արժանացրել Կուսակցությունների մասին օրինագիծը, որը սահմանում է «երկրի տարածքում կուսակցական միավորումների կազմակերպման և գործունեության» կանոններն ու պայմանները։ Օրենքի համաձայն, ցանկացած կուսակցություն պետք է ստեղծվի «երկրի սահմանադրության շրջանակներում, օրինականության, Սիրիայի ժողովրդավարության և միաբանության պահպանման սկզբունքների նկատմամբ հարգանքի հիման վրա»։
Օրենքն արգելում է կուսակցական միավորումների ձևավորում «կրոնական, ազգային, տարածաշրջանային հիմքի վրա կամ մասնագիտական հատկանիշի հիման վրա»՝ նշելով, որ դրանք պետք է ստեղծվեն առանց սեռային, ազգային կամ դավանաբանական պատկանելիության խտրականության։ Յուրաքանչյուր կուսակցության աշխատանքը պետք է «հրապարակային լինի ըստ ներկայացված նպատակների, դրանց հասնելու ձևերի և ֆինանսավորման աղբյուրների»։
Սիրիական կուսակցություններին արգելվում է ունենալ ռազմականացված կամ կիսառազմականացված միավորումներ, «իրենց գործունեությունում կիրառել աշխատանքային ընդհատակյա կամ գաղտնի մեթոդներ»։ Բացի այդ, սիրիական նորաստեղծ ցանկացած կուսակցություն պետք է լինի «արտերկրում գործող քաղաքական որևէ շարժման մաս կամ մասնաճյուղ»։
Սիրիայում արդեն ավելի քան չորս ամիս է՝ շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները։ Դրանք սկսվել են մարտի սկզբին Դեռաա քաղաքից, այնուհետև՝ անցել այլ շրջաններ։ Սիրիացի իրավապաշտպանների տվյալներով, անվտանգության ուժերի հետ բախումներում զոհվել է 1,35 հազար մարդ։
Իշխանությունների վարկածով, իրադարձությունների պահից սկսած «զինված ահաբեկչական տարրերի» գործողությունների արդյունքում զոհվել են 340 զինծառայողներ և անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։
Չորեքշաբթի՝ օգոստոսի 3-ին, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը դատապարտել է Սիրիայի իշխանություններին բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառելու համար և կոչ է արել հակամարտության բոլոր մասնակիցներին զերծ մնալ բռնությունից։ Այդ կոչն արտահայտվել է ՄԱԿ-ի ԱԽ նախագահի հայտարարության տեսքով՝ չնայած որոշ արևմտյան երկրներ փորձում էին հասնել ավելի մեծ արձագանքի՝ բանաձևի ընդունման։
ԱԽ-ն նաև կոչ է արել Սիրիայի իշխանություններին իրականացնել ավելի վաղ խոստացված բարեփոխումները։ -0-