ԱՄՀ նախկին ղեկավար Սթրոս-Կանի դատական նիստը տեղափոխվել է օգոստոսի 23-ին. փաստաբաններ
ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի գործով դատական նիստը, ով մեղադրվում է Sofitel հյուրանոցում սպասուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ, օգոստոսի 1-ից տեղափոխվել է օգոստոսի 23-ին, հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը՝ հղում անելով Սթրոս-Կանի փաստաբաններին:
Ավելի վաղ նիստն արդեն տեղափոխվել էր հուլիսի 18-ից օգոստոսի 1-ը:
Նյու Յորքի դատախազությունը դեռևս չի հաստատել նիստի տեղափոխման մասին տեղեկությունը: Տեղափոխման պատճառների մասին ևս չի հաղորդվում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Սթրոս-Կանին ձերբակալել են մայիսի 14-ին Նյու Յորքում՝ Փարիզ մեկնելուց տասը րոպե առաջ: Նրան առաջադրվել են «բռնության փորձ, սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու, ազատությունից ապօրինի կերպով զրկելու» մեղադրանքներ: Նրան կասկածում են Թայմս Սքուերում գտնվող Sofitel հյուրանոցի լյուքս համարում սպասուհու նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ: Նյու Յորքի Գերագույն դաստարանը համաձայնել է նրան ազատ արձակել 1 միլիոն դոլար գրավի դիմաց և տնային կալանքի տակ պահել:
Սթրոս-Կանի դեմ գործը հուլիսի սկզբին հայտնվեց փակման սպառնալիքի տակ, երբ դատախազությունը հայտարարեց, որ սպասուհին կեղծ ցուցմունքներ է տվել երկրում ապաստան ստանալիս, խաբել է հարկային և սոցիալական մարմիններին, ինչպես նաև ենթադրվում է, որ դատական նիստի ժամանակ երդում տալիս խաբել է ցուցմունքներ տալու ժամանակ: Ավելի ուշ ԱՄՀ նախկին ղեկավարին վերադարձրել են գրավը, սակայն սահմանը հատելու համար հարկավոր փաստաթղթերը դեռևս կալանքի տակ են:
Այնուամենայնիվ սպասուհու փաստաբանները, ընդունելով, որ «նա անցյալում սխալներ է գործել», շարունակում են պնդել, որ Սթրոս-Կանի մեղադրանքների ապացույցներ ունեն, և նա, իսկապես, փորձել է բռնաբարել կնոջը:-0-

