ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Euromillions վիճակախաղի պատմության մեջ խոշորագույն մրցանակը՝ 185 մլն եվրոն, շահել է Մեծ Բրիտանիայում վաճառված տոմսը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղթողը կստանա 185 մլն եվրո, ինչը ընթացիկ փոխարժեքով կազմում է 161653000 ֆունտ ստեռլինգ:
Վաճառված տոմսում առկա են վերջին վիճակախաղի ժամանակ դուրս եկած բոլոր հինգ թվերը և երկու «երջանիկ» աստղերը:
Հայտնի չէ ոչ հաղթողի անունը, ոչ էլ նրա բնակության վայրը Միացյալ Թագավորությունում, անգամ հայտնի չէ՝ երջանիկ տոմսի տերը մե՞կ անձ է, թե՞ մարդկանց խումբ:
Գլխավոր մրցանակն անընդհատ ավելանում էր, քանի որ նախկին վիճակախաղերի ժամանակ հաղթողներ չէին գրանցվում, և վերջերս Euromillions-ի շահումի առավելագույն գումարը սահմանափակվեց:
Euromillions վիճակախաղն անցկացվում է Եվրոպայի ինը երկրներում՝ Ավստրիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Լյուքսեմբուրգում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում:
Նախորդ տարվա հոկտեմբերին այս վիճակախաղում շահել էր տոմսը, որը ևս վաճառվել էր Մեծ Բրիտանիայում:
Այն ժամանակ շահումը կազմում էր 113 մլն ֆունտ ստեռլինգ, շահողի անունն այդպես էլ անհայտ մնաց: -0-