Եվրոպայում ավելի քան 250 չվերթ է չեղյալ հայտարարվել իսլանդական հրաբխի ժայթքելու պատճառով. Եվրավերահսկողություն
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի Եվրոպայում ավելի քան 250 չվերթ է չեղյալ հայտարարվել իսլանդական Գրիմսվոթն հրաբխի ժայթքման հետևանքով Շոտլանդիայի և Իռլանդիայի հյուսիսային տարածքի վրա մոխիրի ամպի տարածման պատճառով, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը՝ հղում անելով Եվրավերահսկողության (Օդային տարածքի վերահսկման եվրոպական կազմակերպություն- Eurocontrol) ներկայացուցչի հայտարարությանը:
Իսլանդիայի հարավ-արևելքում գտնվող Գրիմսվոթն հրաբխից առաջացած ծուխը բարձրացել է մինչև 20 կմ բարձրության վրա, հրաբուխը սկսել է ժայթքել շաբաթ օրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Իսլանդացի հրաբխագետներն ավելի վաղ հայտարարում էին, որ հրաբուխը, ամենայն հավանականությամբ, կժայթքի մի քանի օր կամ շաբաթ և չի հանգեցնի համաեվրոպական ավիացիոն կոլլապսի, ինչպես 2010 թ.-ի գարնանն էր:
Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ հղում անելով Նորվեգիայի օդանավակայանների պետական Avinor օպերատորին, իսլանդական հրաբխի ժայթքման հետևանքով առաջացած մոխրի ամպը երեքշաբթի առավոտյան հասել է Նորվեգիայի հարավ-արևմտյան մասին, ինչի կապակցությամբ ավիահաղորդակցության որոշ խափանումներ կան:--0--

