Արքայազն Ուիլյամն ու նրա հարսնացու Քեյթը լուսանկարների հավաքածու և հեծանիվ-տանդեմ նվեր կստանան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հարսանիքի կապակցությամբ արքայազն Ուիլյամին և Քեյթ Միդլթոնին Ուելսի Անգլսի կղզու լուսանկարների հավաքածու կնվիրի, իսկ Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հեծանիվ-տանդեմ կնվիրի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Արդեն հայտնի է, որ հարսանիքից հետո երիտասարդ զույգը կտեղափոխվի Ուելսի հյուսիսային ծովափին գտնվող Անգլսի կղզի, որտեղ տեղակայված է Թագավորական ռազմաօդային ուժերի ավիաբազան, որտեղ արքայազնը ծառայություն է իրականացնում որպես որոնողական-փրկարար ինքնաթիռի օդաչու:
Ինչպես BBC-ին պատմել է Քեմերոնը, որտեղ էլ հետագայում բնակվեն Քեյթն ու Ուիլյամը, կղզու լուսանկարների հիանալի հավաքածուն թույլ կտա նրանց միշտ «ջերմ զգացմունքներով» հիշել Անգլսին:
Հեծանիվների սիրահար Ջոնսոնն ինքնատիպ նվեր է մտածել, հատուկ զույգի համար պատրաստվել է տանդեմ՝ «Բորիսի հայտնի հեծանիվների» նմանությամբ, որոնք կարելի է վարձել Լոնդոնի կենտրոնական շրջաններում:-0-

