ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը կոչ է արել վերադարձնել Կահիրեի թանգարանից անկարգությունների ժամանակ գողացված արժեքավոր իրերը
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Միացյալ Ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերի կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան կոչ է արել բոլոր երկրների իշխանություններին, ինչպես նաև արվեստի նմուշների առևտրով զբաողվներին և կոլեկցիոներներին՝ աջակցել Եգիպտոսում զանգվածային անկարգությունների ժամանակ Կահիրեի թանգարանից գողացված ցուցանմուշների որոնման աշխատանքներին:
«Հատկապես կարևոր է որոշել մշակութային սեփականության ծագումը, որը կարող է ներկրվել, արտահանվել կամ հանվել վաճառքի, մասնավորապես՝ ինտերնետով», - երեքշաբթի հայտարարել է Բոկովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես հայտնի է դարձել նախորդ կիրակի, Կահիրեի աշխարհահռչակ թանգարանից անկարգությունների ժամանակ գողացվել է ութ արժեքավոր ցուցանմուշ, որոնց թվում են 18-րդ դինաստիայի Թութանհամոն փարավոնի երկու ոսկեզօծ փայտե արձանիկները (մոտավորապես մ.թ.ա. 1336-1327 թթ.):
Բոկովայի խոսքերով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն սերտորեն կհամագործակցի Ինտերպոլի և միջազգային այլ կազմակերպությունների հետ՝ գողացված ցուցանմուշները վերադարձնելու համար:
«Ես նաև կոչ եմ անում աշխարհի բոլոր երկրների անվտանգության ծառայություններին, մաքսային ծառայությունների աշխատակիցներին, արվեստի նմուշների առևտրով զբաղվողներին, կոլեկցիոներներին և հասարակ քաղաքացիներին՝ գործադրել բոլոր ջանքերը՝ անգին իրերը վերադարձնելու համար», - ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը:
Բոկովան նաև կոչ է արել միջոցներ ձեռնարկել Եգիպտոսում պատմական վայրերի պաշտպանության համար՝ ապագայում դրանց կողոպուտը կանխելու նպատակով:-0-

