ԱՄՆ-ն կշարունակի մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Պետդեպարտամենտ

08.12.2010, 10:31
ԱՄՆ-ն կշարունակի մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Պետդեպարտամենտ
ԱՄՆ-ն կշարունակի մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ն մտադիր չէ հրաժարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մասնակցելուց և ծրագրում է այս հարցի վերաբերյալ սերտ կապեր պահպանել Ռուսաստանի հետ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:

«Ռուսաստանն ակտիվ դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Մենք ողջունում ենք Ռուսաստանի դերը, նրա ներգրավվածությունը (հակամարտության կարգավորման լուծման որոնման հարցում) և պատրաստ ենք սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ այդ հարցում», - ասել է Գորդոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ճիշտ չէ, որ ԱՄՆ-ն բավականաչափ չի մասնակցում հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքին: Մենք սերտ կապի մեջ ենք կողմերի , ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների հետ և շահագրգռված ենք արդյունքներով, ինչպես համանախագահներ Ռուսաստանն ու Ֆրանսիան», - ասել է Գորդոնը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է ԱՄՆ-ն պասիվ դիրքորոշում զբաղեցնում հակամարտության կարգավորման հարցում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-