Նեթանյահուն պատասխանել է Ախմադինեժադին, որ Իսրայելը կարող է իրեն պաշտպանել

15.10.2010, 15:02
Նեթանյահուն պատասխանել է Ախմադինեժադին, որ Իսրայելը կարող է իրեն պաշտպանել

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իսրայելի կառավարության ղեկավար Բինյամին Նեթանյահուն հինգշաբթի պատասխանել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթին՝ հայտարարելով, որ Իսրայելը «միշտ կարող է իրեն պաշտպանել»,- հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Վարչապետի խոսքերը հնչեցին Լիբանանում անցկացված բազմահազարանոց միտինգի ժամանակ Ահմադինեժադի ճառից հետո, որտեղ Իրանի առաջնորդը խոստացել էր Իսրայելի դեմ պայքարում օգնել արաբներին, ասելով՝ «սիոնիստները մահկանացու են», և նրանց առաջարկեց վերադառնալ «իրենց բուն հայրենիքը»։

«Այսօր մենք հարձակումներ և վիրավորանքներ լսեցինք, որոնք Լիբանանից Իսրայելին էին ուղղված։ Դրանց ամենալավ պատասխանը 62 տարի առաջ հրեական պետության հռչակումն է և այն ամենը, ինչը մենք մինչև այսօր կառուցել ենք»,- ասաց Նեթանյահուն։

«Մենք կշարունակենք ստեղծագործել և կառուցել մեր պետությունը։ Իսրայելի պետությունը միշտ կկարողանա իրեն պաշտպանել»,- շարունակեց նա Թել Ավիվի Անկախության թանգարան այցելության ժամանակ. Դա այն տունն է, որտեղ Դավիթ Բեն-Գուրիոնը 1948թ.-ին հայտարարել է հրեական պետության ստեղծման մասին։

Իրանն իր ագրեսիվ հռետորությամբ, միջուկային և հրթիռային ծրագրերով, արմատական պաղեստինյան և լիբանանյան խմբավորումների հետ կապերով Իսրայելում որպես «գոյապահպանական» վտանգի աղբյուր է ընկալվում՝ պետության գոյության համար առաջին սպառնալիք։ -0-