Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է սեպտեմբերի 11-ին սպառնացող վտանգների մասին

10.09.2010, 11:16
Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է սեպտեմբերի 11-ին սպառնացող վտանգների մասին

ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացրել է ԱՄՆ քաղաքացիներին այն վտանգների մասին, որոնք կարող են սպառնալ նրանց ողջ աշխարհում, քանի որ Ֆլորիդայի եկեղեցիներից մեկի  հոգևորականը խոստացել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակի օրը Ղուրանի մի քանի օրինակներ այրել:

«ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է այս նախազգուշացումը, որպեսզի զգուշացնի ԱՄՆ քաղաքացիներին շատ երկրներում հնարավոր հակաամերիկյան ակցիաների մասին, որոնք կարող են պատասխան դառնալ 2001 թ.-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունների տարելիցի օրը Ղուրանի մի քանի օրինակներ այրելու՝ Ֆլորիդայի եկեղեցիներից մեկի մտադրությանը», - նշվում է գերատեսչության հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պետդեպարտամենտի տվյալների համաձայն, մի շարք երկրներում, այդ թվում նաև Աֆղանստանում և Ինդոնեզիայում բողոքի ակցիաները կարող են բավականին դաժան լինել:

«Մենք կոչ ենք անում ուշադիր հետևել ստեղծված իրավիճակի նկատմամբ տեղի քաղաքացիների արձագանքին և խուսափել այն վայրերից, որտեղ կարող են ցույցեր անցկացվել», - նշվում է հայտարարության մեջ:

Պետդեպարտամենտը կոչ է արել արտերկրում գտնվող կամ արտերկիր մեկնող ԱՄՆ քաղաքացիներին հաշվառվել հյուպատոսություններում՝ տեղի ունեցող դեպքերի մասին ամենաթարմ տեղեկատվությունը ստանալու նպատակով:

«Ողջ աշխարհում գտնվող ամերիկյան կառավարական հաստատություններում արտակարգ պատրաստակամության ռեժիմ է պահպանվում: Նրանք կարող են ժամանակավորապես փակվել և դադարեցնել աշխատանքը բնակչության հետ... ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսությունները կանեն հնարավոր ամեն ինչ՝ հարկ եղած դեպքում ԱՄՆ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար», - նշվում է փաստաթղթում:

Պետդեպարտամենտը նաև կոչ է արել  ամերիկացիներին այս օրերին ուշադիր հետևել նորություններին:

Այս նախազգուշացման ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին:

Ավելի վաղ և Սպիտակ տունը, և ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել են Ղուրանի օրինակները այրելու՝ հոգևորականի մտադրությունները, քանի որ այդ արարքը հակասում է ամերիկյան ժողովրդավարության ոգուն և սպառնում է արտերկրում գտնվող ամերիկյան զորքերի և ԱՄՆ քաղաքացիների անվտանգությանը:-0-