Մեքսիկայի հարավում հեղեղումների զոհ է դարձել 3 մարդ, տուժել են 400 հազարը

07.09.2010, 11:15
Մեքսիկայի հարավում հեղեղումների զոհ է դարձել 3 մարդ, տուժել են 400 հազարը

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մեքսիկայի հարավում տեղացած սելավների և դրանց հետևանքով առաջացած հեղեղումների զոհ է դարձել երեք հոգի, մոտ 400 հազար տեղաբնակներ տուժել են աղետից, երեքշաբթի հայտարարում է Ֆրանս Պրես գործակալությունը՝ հղում անելով քաղաքացիական պաշտպանության մեքսիկական ծառայությանը։

Իշխանությունների տվյալներով, Վերակրուս նահանգում (Մեքսիկական ծոցի ափ) աղետը վնաս է հասցրել 200 հազար մարդու, 10 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները։ Գվատեմալային սահմանակից հարևան Տաբասկո նահանգում հեղեղումների հետևանքով տուժել է 124 հազար մարդ, խաղաղօվկիանոսյան Օահակա նահանգում (Վերակրուսից հարավ)՝ 80 հազար, նշում է ՌԻԱ Նովոստին։

Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը երկրի հյուսիսարևելյան ափը ցնցեց արևադարձային «Էրմին» մրրիկը։ Դեպի հյուսիս-արևմուտք շարժվող քամու առավելագույն արագությունը մրրիկի էպիկենտրոնում կազմում է 110 կիլոմետր ժամ։ Կենտրոնի մասնագետները չեն բացառում, որ սելավներ բերող «Էրմին» մրրիկը շուտով կարող է փոթորկի վերածվել։

Գործակալության տվյալներով, վտանգի մասին նախազգուշացում է հայտարարվել Մեքսիկական ծոցի ափին Տամպիկո քաղաքից (Թամաուլիպաս նահանգ Վերակրուսից հյուսիս) մինչև ԱՄՆ-ի հետ սահմանը։

«Էրմինը» 2010թ.-ի մրրիկների ատլանտյան շրջանի ութերորդ արևադարձային փոթորիկը դարձավ: Ատլանտիկայում այս սեզոնի առաջին փոթորիկն «Ալեքս»-ն էր, որը հուլիսի սկզբին տասը մարդու կյանք խլեց Մեքսիկայում:

Արևադարձային մրրիկն անվանում է ստանում այն դեպքում, եթե դրան ուղեկցող քամու արագությունը գերազանցում է ժամում 62 կիլոմետրը: Երբ քամու արագությունը գերազանցում է ժամում 119 կիլոմետրը, ապա մրրիկը վերածվում է փոթորկի:-0-