Սյուզի Կենտիկյանը պահպանել է WIBF, WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները
Գերթեթև քաշային կարգում WIBF, WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն 22-ամյա Սյուզի Կենտիկյանի և մեքսիկուհի Արելի Մուչինոյի մենամարտն ավարտվել է տեխնիկական ոչ-ոքիով:
Մենամարտը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գերմանիայի Շերինե քաղաքում: Կենտիկյանը մինչ Մուչինոյի հետ մենամարտը 28 հանդիպումներում տարել է 28 հաղթանակ, որոնցից 16-ը Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ մարզուհին ավարտել է նոկաուտով: Մեքսիկուհին մինչ Կենտիկյանի հետ մենամարտը տարել է տասը հաղթանակ և երկու պարտություն:
Տասը ռաունդանոց մենամարտն ավարտվել է ժամանակից շուտ: Երրորդ ռաունդում Կենտիկյանը ստացել է գլխի վնասվածք չկանխամտածված բախման հետևանքով, և մենամարտը դադարեցվել է: Դատավորի որոշմամբ՝ տեխնիկական ոչ-ոքի է հայտարարվել, ինչը նշանակում է, որ Կենտիկյանը պահպանում է իր տիտղոսները:
Մենամարտի ժամանակ մրցավարը բազմիցս նկատողություն է արել մեքսիկուհուն գլխի վտանգավոր շարժումների համար: Սյուզաննա Կենտիկյանը ծնվել է 1987 թ.-ին Հայաստանում: 1992 թ.-ին նրա ընտանիքը տեղափոխվել է Համբուրգ: 2007 թ.-ին Կենտիկյանը նվաճել է բռնցքամարտի առաջատար պրոֆեսիոնալ կազմակերպությունների չեմպիոնական տիտղոսները: 2008 թ.-ին նա դարձել է Գերմանիայի քաղաքացի:-0-

