Բրազիլական օդանավակայաններն ավելի քան 3 մլրդ դոլար կստանան 2014թ.-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը պատրաստվելու համար
2014թ.-ի Ֆուտբոլի Աշխարհի առաջնության համար Բրազիլիայի օդանավակայանը նախապատրաստելու համար արված ներդրումներն ավելի քան 6,4 մլրդ ռեալ (3,65 մլրդ դոլար) կկազմեն, ՌԻԱ Նովոստիին է հաղորդել Բրազիլիայի Infraero օդանավակայանի ծառայությունը։
Այսօրվա դրությամբ, Infraero պետական մենաշնորհատեր է, որի իրավասության մեջ է մտնում երկրի բոլոր քաղաքացիական օդանավակայանների և դրանց ենթակառուցվածքների կառավարումը։
Ըստ գերատեսչության տվյալների, 2014թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների և հյուրերի փոխադրման համար 16 օդանավակայան կգործարկվի։ Ակնկալվում է, որ առաջնության անցկացման ժամանակահատվածում ուղևորահոսքը 2,7 մլն-ի կհասնի, որից 1,2 մլն-ը կլինեն օտարերկրացիները։
ՖԻՖԱ-ի և Ֆուտբոլի բրազիլական կոնֆեդերացիայի (CBF) բազմաթիվ տեսչությունները օդանավակայանների ենթակառուցվածքը համարել են Բրազիլիայի՝ մրցախաղին պատրաստվելու առավել թույլ օղակը։
Infraero տվյալների համաձայն, ամբողջական ներդրումները նպատակ ունեն վերացնել թռիչքուղու, ինքնաթիռների անգարի և ուղևորային հատվածի բազմաթիվ խնդիրները։ Ռիո դե Ժանեյրոյի դեպքում խոսքը նաև 2016թ.-ի Ամառային օլիմպիադային պատրաստվելու մասին է, որը տեղի կունենա Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից երկու տարի անց։
Խոշոր միջազգային միջոցառումների ժամանակ առկա գերծանրաբեռնվածությունից բացի, բրազիլական օդանավակայանները պետք է նաև լուծեն ներքին չվերթերում ուղևորահոսքի մեծացման հարցը։ Infraero տվյալների համաձայն, 2003-2008թթ.-ն ընկած ժամանակահատվածում դեպի Բրազիլիա ավիաչվերթերի ուղևորների թիվը 59 տոկոսով աճել է։ Մինչև 2014թ.-ը կանխատեսվում է ուղևորների թվի տարեկան 8,6 տոկոսանոց աճ։ -0-

