Եվրոպայի հայերը կոչ են անում Օբամային իր ուղերձում հայ ժողովրդին օգտագործել «ցեղասպանություն» տերմինը

13.04.2010, 13:58
Եվրոպայի հայերը կոչ են անում Օբամային իր ուղերձում հայ ժողովրդին օգտագործել «ցեղասպանություն» տերմինը
Եվրոպայի հայերը կոչ են անում Օբամային իր ուղերձում հայ ժողովրդին օգտագործել «ցեղասպանություն» տերմինը

Եվրոպայի հայկական ասոցիացիաների ֆորումը (ԵՀԱՖ) նամակ է ուղղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ ապրիլի 24-ին հայ ժողովրդին ուղղված իր ավանդական ուղերձում «ցեղասպանություն» տերմինն օգտագործելու կոչով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն են հայտնել ԵՀԱՖ-ից։

Հայ ժողովրդին ուղղված ավանդական ուղերձում՝ ապրիլի 24-ին նշվող Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ, ԱՄՆ նախագահը 2009 թվականին չօգտագործեց «ցեղասպանություն» տերմինը։ Դրա փոխարեն նա օգտագործեց հայկական «Մեծ Եղեռն» արտահայտությունը, հենց այսպես են Հայաստանում անվանում 1915-1923 թթ. Ցեղասպանությունը։

«Մենք շնորհակալ ենք Ձեզ նախորդ տարվա ուղերձում «Մեծ Եղեռն» արտահայտության օգտագործման համար և կոչ ենք անում այս տարի օգտագործել «ցեղասպանություն» միջազգային տերմինն, ինչպես նաև հնարավորություն տալ Կոնգրեսին ընդունել թիվ 252 (Հայոց ցեղասպանության մասին) բանաձևը, որը հավանության է արժանացել արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից»,- ասվում է ԵՀԱՖ ղեկավար Աշոտ Գրիգորյանի կողմից ԱՄՆ նախագահին ուղղված նամակում։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին հավանություն տվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին։ Փաստաթղթի ընդունմանը «կողմ» քվեարկեց 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական։

Ուղերձում նշվում է, որ Ցեղասպանության փաստի ճանաչումը կստիպի Թուրքիային հարգել միջազգային հանրության դիրքորոշումը և բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։

«Սա ամենաիրատեսական և արդար ուղին է հայ-թուրքական հարաբերույթունների խնդրի լուծման ուղղությամբ»,- ասվում է նամակում։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-