Ռիո դե Ժանեյրոյի տեղատարափ անձրևը 133 մարդու կյանք է խլել, 50-ից ավելին համարվում են անհայտ կորած
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Վերջին տվյալների համաձայն, Ռիո դե Ժանեյրոյում տեղացած տեղատարափ անձրևը 133 մարդու կյանք է խլել, փրկարարները մինչև այժմ շարունակում են որոնողական աշխատանքները, հինգշաբթի հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոյթեր գործակալությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր 102 զոհի մասին:
Հորդառատ անձրևը չէր դադարում Ռիո դե Ժանեյրոյում ապրիլի 5-ից: Օդերևութաբանների տվյալներով, նախօրեին տեղացած տեղումների ծավալը ռեկորդային էր վերջին 44 տարվա ընթացքում: Ռիո դե Ժանեյրոյի մերձակայքում շուրջ 180 քարաթափում է գրանցվել, հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել ցեխաջրի և քարերի հոսանքի տակ:
Քաղաքում տասնյակ թաղամասեր ջրի տակ են մնացել, ափերից դուրս է եկել Մարականա գետն այն շրջանում, որտեղ գտնվում է համանուն աշխարհահռչակ մարզադաշտը:
Փրկարարների խոսքերով, Ռիո դե Ժանեյրոյի աղետի զոհ է դարձել 133 մարդ, 135-ը վիրավոր է, 53 մարդ համարվում է անհայտ կորած: Տասնյակ հազարավոր տներ փլուզման եզրին են, փրկարարներին օգնության են հասել Քաղաքացիական պաշտպանության ծառայության ուժերը:
Բնական աղետի հետևանքների վերացման համար Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանը հատկացրել է ավելի քան 200 միլիոն դոլար:
Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդու Պաեսի խոսքերով, ավելի քան 1,4 հազար մարդ անօթևան է մնացել և չորսը համարվում են անհայտ կորած:
Քաղաքապետարանի տվյալների համաձայն, մարդկային զոհերի հանգեցրած փլուզումների մեծամասնությունը տեղի է ունեցել բարձրադիր վայրերում, որտեղ շատ են խարխուլ բնակավայրերը՝ այսպես կոչված ետնախորշերը:
Երեքշաբթի Ռիո դե Ժանեյրոյում չէին աշխատում բանկերն ու խանութները, իսկ չորեքշաբթի փակվել էին դպրոցները:-0-

