Սպիտակ տան մամուլի քարտուղարը փնտրում է կանադական հավաքականի մարզահագուստը՝ գրազի պայմանները կատարելու համար
Կանադացի գործընկերոջ հետ ունեցած վեճում պարտություն կրելուց հետո Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը չի կարողանում գտնել կանադական հավաքականի մարզահագուստը, որպեսի կատարի գրազի պայմանները:
Մի քանի օր առաջ Գիբսն ու Կանադայի պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրի Սոուդասը վիճել էին հոկեյի կանանց հավաքականների օլիմպիական արդյունքի շուրջ: Ամերիկյան հավաքականի հաղթանակի դեպքում Սոուդասը պետք է լրագրողների համար հերթական ճեպազրույցն անցկացներ ամերիկյան հավաքականի մարզահագուստով: Սակայն կանադացիները 2:0 հաշվով հաղթանակ տարան, և հիմա Գիբսը պետք է ճեպազրույցն անցկացնի թխկու տերևի պատկերով հագուստով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սպիտակ տան պարբերական ճեպազրույցը երկուշաբթի ամերիկացի մամուլի քարտուղարի համար սկսվեց լրագրողի հնչեցրած ուղիղ ու ծանր հարցով. «Ռոբերտ, որտե՞ղ է ձեր մարզահագուստը»: «Մենք փնտրում ենք այն, և շուտով տեղ կհասնի: Հավատացեք՝ կանադացիները մանրակրկտորեն վերահսկում են այդ հարցը: Մենք ամեն ինչ անում ենք հագուստը ստանալու համար...»,- պատասխանեց Գիբսը:
«Իսկ այն ի՞նչ չափսի է»,- հաղթանդամ մամուլի քարտուղարին հարցրեց մեկ այլ լրագր ող:
«Ես հաստատ գիտեմ՝ այն medium չափսի է: Հուսամ՝ մինչև շաբաթվա վերջ դուք այն տեսնելու հնարավորություն կունենաք»,- շտապեց ճեպազրույցին անցնել Գիբսը:
Նման վեճ էին ունեցել նաև Բարաք Օբաման ու Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը: Նրանք էլ վիճել էին հոկեյի տղամարդկանց հավաքականների եզրափակիչ խաղի արդյունքների համար: Գիբսի ղեկավարը նույնքան անհաջողակ դուրս եկավ: Օբաման «հյուսիսային հարևանի» հետ գրազ էր եկել մի արկղ գարեջրի վրա:-0-

