Օբաման վառել է Վաշինգտոնի գլխավոր տոնածառի լույսերը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վառել է Վաշինգտոնի գլխավոր տոնածառի լույսերը, որը գտնվում է Սպիտակ տան դիմաց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:
«Սուրբ Ծննդի պատմությունը քրիստոնեական է, սակայն միաժամանակ նրա դասը ընդհանուր է բոլորի համար», - նշել է Օբաման: Նախագահի խոսքերով՝ Սուրբ Ծնունդը, առաջին հերթին, հիշեցումն է այն բանի, որ մարդիկ պետք է սիրեն և խնայեն միմյանց, հոգ տանեն իրենց մերձավորների մասին:
«Այսօր մենք հիշում ենք հիասքանչ և միևնույն ժամանակ պարզ մի պատմություն: Պատմություն մի փոքրիկի մասին, որը ծնվել է տանից հեռու և ում ծնողները ղեկավարվում էին միայն հավատքով: Եվ այդ փոքրիկը ստեղծեց մի հավատ, որն ապրում է արդեն ավելի քան երկու հազար տարի և որի համաձայն՝ անկախ մեր ինքնությունից և ծննդյան վայրից՝ մենք բոլորս պետք է սիրենք միմյանց քրոջ և եղբոր պես», - ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Նա մաղթել է ուրախ Սուրբ Ծնունդ, առաջին հերթին՝ զինծառայողներին, ովքեր ձմեռային տոները նշում են տանից հեռու:
«Մեր մտքերն ու աղոթքները նրանց հետ են, ովքեր այս տոներին տանից հեռու են, մայրերի և հայրերի, որդիների և դուստրերի հետ են մեր զինվորների, ովքեր ամեն օր վտանգում են իրենց կյանքը՝ հանուն մեր անվտանգության», - ասել է Օբաման:
«Մենք բոլորս՝ Միշելը, մեր դուստրեր Մալիան և Սաշան և իմ զոքանչ Ռոբինսոն Մայրիկը, ցանկանում ենք ձեզ երջանիկ Սուրբ Ծնունդ: Եվ այժմ ամենակարևորը՝ սեղմել կոճակն ու միացնել տոնածառի լույսերը, ինձ կօգնի Սաշան», - ասել է Օբաման:
Հաշվելով հինգից մինչև մեկը՝ ԱՄՆ նախագահն ու նրա ընտանիքի անդամները միասին սեղմեցին կոճակը, ինչից հետո տոնածառը շողշողաց լույսերով: «Ստացվեց», - ժպտալով՝ բացականչեց Օբաման:
Ազգային տոնածառի լույսերը վառելու արարողությունը տեղի է ունենում ԱՄՆ մայրաքաղաքում ամեն տարի՝ սկսած 1923 թվականից:
1978 թ.-ին Սպիտակ տան դիմաց տնկվել է 14-մետրանոց քոլորադյան կապույտ եղևնի, որը դարձել է Ազգային տոնածառը: Նրան շրջապատում են ավելի փոքր 56 եղևնիներ, որոնք խորհրդանշում են ԱՄՆ-ի բոլոր նահանգներն ու տարածքները:
Տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը «նախագահական» բազմաթիվ ավանդույթներից մեկն է, որը կապված է ամերիկացիների սիրելի տոնի՝ Սուրբ Ծնունդի հետ: Սպիտակ տան գրեթե գլխավոր ավանդույթներից է նաև թխվածքե Սպիտակ տան «կառուցումը»:Այս տարի 177 կգ քաշ ունեցող շոկոլադա- կոճապղպեղա-մարցիպանային շինության գլխավոր «ճարտարապետը» նախագահական շեֆ-խոհարար Բիլ Յոսեսն է:-0-

