Չինացի պաշտոնյաներին արգելվել է սիրուհի պահել և քնել ժողովների ժամանակ

08.07.2009, 15:03
Չինացի պաշտոնյաներին արգելվել է սիրուհի պահել և քնել ժողովների ժամանակ

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Մեյշան քաղաքի պաշտոնյաներին արգելել են սիրուհի պահել և քնել ժողովների ժամանակ, խախտողները 146 դոլարի տուգանք կվճարեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Չայնա Դեյլի» թերթին:

Սիչուան գավառի Մեյշան քաղաքի կառավարության նոր որոշումը կարգադրում է պատշոնյաներին «պահպանել դեմքն» ու անկեղծությունն աշխատանքային օրվա ավարտից հետո, «չունենալ չափազանց մոտ հարաբերություններ շահամոլ մարդկանց հետ, ինչպես նաև «աննորմալ» հարաբերություններ՝ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ», - գրում է հրատարակությունը:

Չինացի պաշտոնյաները «մեղսավոր» են արտամուսնական կապերի և կաշառք վերցնելու մոլության պատճառով: Չինաստանում այս ոլորտում ռեկորդակիր կարող է համարվել Ցզյանսու գավառի շինարակական վարչության նախկին պետ Սյույ Ցիյաոն, ով 2001 թ.-ին դատապարտվել էր կոռուպցիայի համար: Իր ողջ կարիերայի ընթացքում նա 146 սիրուհի է ունեցել: Երկրում, ընդհանուր առմամբ, գավառային մակարդակի կառավարական կադրերի շուրջ 90 տոկոսը սիրուհիներ ունեն կամ կապված են կոռուպցիայի հետ:-0-