Միլիոն տարեկան մամոնտի կմախք է գտնվել Սերբիայում
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Միլիոն տարեկան մամոնտի կմախք է գտնվել Սերբիայի արևելքում՝ Կոստոլաց քաղաքից ոչ հեռու, տեղեկացնում է B92 հեռուստաընկերության կայքը։
Մամոնտը հայտնաբերվել է ածխի քարհանքում՝ հին հռոմեական Վիմինակի ամրոցի տեղում ստեղծված հնագիտական պարկից ոչ հեռու։ Ոսկորները գտնվել են ավազի շերտում 27 մետր խորության վրա։
Հնագիտական պարկի տնօրեն Միոմիր Կորաչը (Miomir Korac) կարծում է, որ այս մամոնտը Եվրոպայի տարածքում հայտնաբերված մամոնտներից հնագույնների թվում է։ Նրա խոսքերով, կմախքը պահպանվել է գրեթե ամբողջությամբ և չի վնասվել տեկտոնական շարժումներից։
«Ես կարող եմ ասել, որ մամոնտն ունեցել է ավելի քան չորս մետր բարձրություն, հինգ-վեց մետր երկարություն և կշռել է ավելի քան տասը տոննա»,- ասել է Կորաչը։ Նրա խոսքերով, այս մամոնտները ժամանակակից հարավային Եվրոպայի տարածք են եկել հյուսիսային Աֆրիկայից մոտ 1,5 միլիոն տարի առաջ։
«Մամոնտի այս տեսակի կմախքի գտածոյի դեպքերը շատ հազվադեպ են»,- նշեց Կորաչը։ Կմախքը կվերականգնվի և կընդգրկվի հնագիտական պարկի ցուցանմուշում։
Մամոնտները պատկանում են փղազգիների ընտանիքին։ Այս ցեղի գոյության դարաշրջանի ժամանակային հստակ սահմանները և դրա տեսակի փոփոխությունների ընթացքը պարզ չէ։ Անհայտ է նաև նրա տեսակների ընդհանուր թիվը, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանք գերազանցել են տասնյակը։
Առաջին մամոնտներն ի հայտ են եկել Աֆրիկայում պլիոցենի սկզբում (5 միլիոն տարի առաջ), իսկ այդ դարաշրջանի վերջում (մոտավորապես 2 մլն տարի առաջ) ցեղը գաղութ է հաստատել Հյուսիսային կիսագնդի մեծ մասում։ Դեպի Հյուսիսային Ամերիկա մամոնտները գաղթել են Ասիայից՝ այն Ալյասկայի հետ Բերինգի նեղուցի տեղում միացնող պարանոցով, ծովի մակարդակի իջեցման ժամանակ 2 միլիոն տարի առաջ։ Ցեղը գրեթե ամբողջովին անհետացել է մոտ 11 հազար տարի առաջ։
Համեմատական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կենսաբանական հատկանիշներով և վարքով մամոնտները մոտ են ժամանակակից փղերին։ -0-

