Պորտուգալիան եվրագոտու երկրներից վերջինն է պաշտոնապես մտել տնտեսական անկման փուլ
Պորտուգալիան չորեքշաբթի դարձավ եվրագոտու վերջին պետությունը, որը պաշտոնապես տնտեսական անկման փուլ մտավ. կառավարական վիճակագրությունը ցույց է տվել 2008 թվականի չորրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ի կրճատում 1,6 տոկոսով՝ երրորդ եռամսյակի 0,1 տոկոս անկումից հետո։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Պորտուգալիայի ՀՆԱ-ն չորրորդ եռամսյակում կրճատվել է 1,8 տոկոսով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆրանս Փրեսս գործակալությանը։
Ավելի վաղ տեխնիկական անկման փուլի մասին, որի հիմնական ցուցանիշը երկու եռամսյակ անընդմեջ ՀՆԱ անկումն է, հայտարարել է Հունգարիան՝ ֆինանսական ճգնաժամից ամենատուժածը Եվրոպայի երկրների թվում։ KSH ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2008 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին երկրի ՀՆԱ-ն կրճատվել է 1,2 տոկոսով երրորդ եռամսյակի համեմատ, երբ այն նվազել էր 0,5 տոկոսով։
Դրանից հինգ օր առաջ նմանատիպ հայտարարություն է արել Իսլանդիան, որի ՀՆԱ-ն 2008 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին կրճատվել է 0,9 տոկոսով երրորդ եռամսյակի համեմատ։
2008 թվականի դեկտեմբերի սկզբին Eurostat եվրոպական վիճակագրական գործակալությունը հաստատել է ավելի վաղ հրապարակած նախնական տվյալներն այն մասին, որ երրորդ եռամսյակում անկման փուլ է մտել ողջ եվրագոտու տնտեսությունը։ -0-

