«Չելսին» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ՝ երկարացնելով Հիդդինգի անպարտելի սերիան

11.03.2009, 12:56
«Չելսին» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ՝ երկարացնելով Հիդդինգի անպարտելի սերիան

Լոնդոնի «Չելսի» ակումբը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ՝ երկու հանդիպումների գումարային միավորներով առաջ անցնելով իտալական «Յուվենտուս» ակումբից։ Լոնդոնցիները երեկ կայացած 1/8 եզրափակչի պատասխան խաղն ավարտեցին ոչ-ոքի՝ 2։2՝ այդ  կերպով երկարացնելով Ռուսաստանի հավաքականի և «Չելսիի» մարզիչ Գուս Հիդդինգի անպարտելի սերիան։

Հյուրընկալված խաղում 0։1 հաշվով պարտությունից հետո «Յովենտուսը» Վինչենցո Յակվինտայի գոլից հետո սեփական հարկի տակ արդեն 19-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ։ Սակայն առաջին կեսի ավարտից առաջ «Չելսիի» կազմ վերադարձած Մայքլ Էսյեն խփեց պատասխան գնդակը, որը նշանակեց, որ «Յուվին» 1/4 եզրափակիչ դուրս գալու համար պետք է հաղթի երկու գոլի տարբերությամբ։

Թուրինցիների դրությունը բարդացավ խաղի 70-րդ րոպեին, երբ երկու դեղին քարտ ստանալու պատճառով խաղադաշտից հեռացվեց Ջորջիո Կյելինին։ Սակայն «Ծեր սինյորան» («Յուվենտուս») կարողացավ կրկին առաջ անցնել հաշվի մեջ, երբ Ալեսանդրո Դել Պիերոն 74-րդ րոպեին իրականացրեց 11 մետրանոց հարվածը։ Սակայն 2։1 հաշիվը պահպանվեց միայն 9 րոպե, քանի որ խաղի 83-րդ րոպեին Դիդյե Դրոգբան մոտ տարածությունից գրավեց Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ «Չելսին» երկու հանդիպումների արդյունքում հաղթեց 3։2 հաշվով։-0-