Պաբլո Պիկասոյի գլուխգործոցները կներկայացվեն Լոնդոնում կայանալիք ցուցահանդեսում

25.02.2009, 11:05
Պաբլո Պիկասոյի գլուխգործոցները կներկայացվեն Լոնդոնում կայանալիք ցուցահանդեսում
Պաբլո Պիկասոյի գլուխգործոցները կներկայացվեն Լոնդոնում կայանալիք ցուցահանդեսում

ХХ դարի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի գլուխգործոցների ցուցահանդեսը կբացվի չորեքշաբթի Լոնդոնի Ազգային պատկերասրահում։

Սա Պիկասոյի արվեստին ամբողջովին նվիրված առաջին ցուցահանդեսն է եվրոպական արվեստի մեջ մասնագիտացող պատկերասրահի պատմության մեջ: Ցուցադրության մեջ, ընդհանուր առմամբ, ներառված է նկարչի շուրջ 60 աշխատանք, որոնք բերվել են աշխարհի տարբեր երկրների՝ Ֆրանսիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների թանգարաններից և մասնավոր հավաքածուներից։

Ցուցահանդեսի գլխավոր թեման՝ «Պիկասո. մարտահրավեր նետելով անցկալին», եվրոպացի հնագույն վարպետների՝ Վելասկեսի, Ռեմբրանդտի, Գոյայի և նրան անմիջականորեն նախորդած իմպրեսիոնիստների՝ Սեզանի, Գոգենի, Վան Գոգի աշխատանքներում Պիկասոյի գաղափարների և նկարների սյուժեների աղբյուրների որոնումը դարձավ։

«Պիկասոն վերափոխել է անցյալի արվեստն ամբողջովին այլ բանի՝ ստեղծելով սեփական խիզախ նկարները։ Հաճախ անցյալից արված նրա «մեջբերումները» ուղղակի են, երբեմն՝ ավելի այլաբանական և երբեմն՝ լի պարոդիայով և անհարգալից վերաբերմունքով», - պատմել են ցուցահանդեսի համակարգողները։

Օրինակ, Պիկասոյի «Ծղոտե գլխարկով տղամարդը պաղպաղակը ձեռքին» ինքնադիմանկարը (1938) հանդիսատեսի հիշողության մեջ արթնացնում է ֆլամանդացի գեղանկարիչ Յան վան Էյկի «Տղամարդու դիմանկարը» աշխատանքը, որը ստեղծվել է հինգ դար առաջ։ Իսկ Պիկասոյի կողմից 1969 թ.-ին ստեղծված «Հրացանակրի գլուխը» (Կարդինալ Ռիշելյե) նկարը 1642 թ.-ին Ֆիլիպ դե Շամպենի կողմից ստեղծած հայտնի կարդինալի դիմանկարի եռակի նախօրինակն է։

Նկարիչների աշխատանքներից շատերը, որոնցից Պիկասոն ներշնչանք է ստացել և որոնք փորձել է վերաիմաստավորել պատկերավոր արվեստի մեջ նոր ավանդույթների համաձայն, ցուցահանդեսի այցելուները կկարողանան տեսնել Ազգային պատկերասրահի հիմնական ցուցադրություններում։

«Ցուցահանդեսի այցելուները կարող են կրկին իրենց համար բացահայտել պատկերասրահի հավաքածուն և հասկանել դրա վերափոխումը Պիկասոյի աչքերով», - պարզաբանում են համակարգողները։

«Պիկասո. մարտահրավեր նետելով անցյալին» ցուցահանդեսը կգործի Տրաֆալգարյան հրապարակում գտնվող Ազգային պատկերասրահում մինչև այս տարվա հունիսի 7-ը։

Մասշտաբային ցուցահանդեսի բացման կապակցությամբ պատկերասրահի շենքը դարձել է ինքնատիպ «շրջանակ» Պիկասոյի կտավների համար։ Երեկոյի ընթացքում շենքի ճակատամասին ցուցադրվում են նկարչի աշխատանքների վերարտադրված տարբերակները՝ ներկելով պատերն ու սյունները տարբեր գույներով և գրավելով անցորդների և զբոսաշրջիկների ուշադրությունը։-0-