Ամերիկյան զորքի մեծ մասը դուրս կգա Իրաքից տարվա ընթացքում. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ կառավարությունը մտադիր է ամերիկյան զորքի մեծ մասը դուրս հանել Իրաքից մոտակա 12 ամսվա ընթացքում, հաղորդել է Ռոյթեր գործակալությունը։
Նախագահի խոսքերով, 140 հազար զինծառայողների մեծ մասը, ովքեր բնակվում են Իրաքի տարածքում, կվերադառնան տուն մեկ տարվա ընթացքում։
Օբաման նաև ասել է, որ ԱՄՆ ղեկավարությունը մտադիր է կրկնապատկել Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զինծառայողների թիվը՝ 18 ամսվա ընթացքում 36 հազարից հասցնելով 60 հազարի։
Իրաքի տարածքում օտարերկրյա զորքի տեղակայման մանդատի վերաբերյալ նոր համաձայնագրի համաձայն, որը հավանության արժանացավ նախորդ տարվա դեկտեմբերին, ամերիկյան բանակը օրինական հիմունքներով մինչև 2011 թվականը իրաքյան տարածքում գտնվելու իրավունք է ստացել:
Սակայն, Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսի խոսքերով, Իրաքում ԱՄՆ առաքելությունն ավարտվում է և հիմնական ստորաբաժանումները կլքեն երկիրը։ Ակնկալվում է, որ ամերիկյան զորքերը կուղարկվեն Աֆղանստանի հարավ և արևելյան շրջաններ։
Իրաքի դեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական գործողությունները սկսվեցին 2003 թ.-ի մարտին։ Գործողությունների ձևական առիթ դարձավ ամերիկյան ղեկավարության մինչ այժմ չհաստատված հայտարարությունը՝ Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության վերաբերյալ։
Այժմ Իրաքի տարածքում իրականացվող գործողություններին մասնակցում են աշխարհի ավելի քան 20 երկրների զինծառայողներ, ովքեր ընդգրկված են ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչների գլխավորած կոալիցիոն ուժերի կազմում։ Տարբեր տվյալների համաձայն, գործողությունների մեկնարկի պահից ԱՄՆ զինված ուժերի ընդհանուր կորուստը կազմել է 4 հազ. 216 զինծառայող։
Ամերիկյան հրամանատարության ներկայացուցիչների հայտարարությամբ, Իրաքում կոալիցիոն ուժերի հիմնական խնդիրներն են գրոհայինների որոնումն ու ոչնչացումը, ինչպես նաև ազգային ուժային կառույցների ձևավորման գործում Իրաքի կառավարությանն աջակցելը։-0-

