ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ աշխարհը մոտեցել է տնտեսական ճգնաժամի «սկզբի ավարտին» միայն
Միջազգային հանրությունը գտնվում է տնտեսական ճգնաժամի «սկզբի ավարտի» փուլում միայն, և գալիք 2009 թ.-ին շատ բան պետք է անել այն հաղթահարելու համար, հինգշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ մամուլի-ասուլիսի ժամանակ ամփոփելով անցնող տարվա արդյունքները։
«Մեր պարտավորությունները և լավ մտադրությունները ամրության ամենալուրջ փորձությունների կենթարկվեն։ Ինձ հաճելի է ասել, որ աշխարհը միավորվել է տնտեսական ռեցեսիայի առջև, սակայն ես վախենում եմ, որ մենք մոտեցել ենք միայն ճգնաժամի սկզբի ավարտին։ Ներկայիս ճգնաժամը մարտահրավեր կնետի գլոբալ համերաշխությանը, որը յուրաքանչյուր խնդրի լուծման բանալին է։ Սա դժվար տարի էր։ Սակայն հաջորդ տարին ավելի դժվար է լինելու», - ասել է Պան Գի Մունը։
Նա ողջունել է, որ չնայած ֆինանսական ցնցումներին՝ համաշխարհային հանրությանը և ՄԱԿ-ին հաջողվեց դիմակայել պարենային ճգնաժամին։
Հաջորդ տարվա առաջնահերթ աշխատանքների թվում Պան Գի Մունը նշել է դիմակայությունը գլոբալ տաքացմանը։
«Հաջորդ՝ 2009 թ.-ը կլիմայի փոփոխության տարի է լինելու։ Բոլորը հասկանում են, որ կլիմայի փոփոխության խնդիրը չի կարող սպասել մինչ կավարտվի տնտեսական ճգնաժամը», - ասել է գլխավոր քարտուղարը՝ կոչ անելով պետություններին չհրաժարվել բնապահպանական ոլորտում իրենց վրա վերցրած պատրավորություններից, այդ թվում նաև՝ կապված ֆինանսական ծախսերի հետ։
Նա նաև կոչ է արել ՄԱԿ-ի անդամ-պետություններին՝ հասնել կլիմայի փոփոխության խնդրի վերաբերյալ գլոբալ պայմանագրի մշակման հարցի համաձայնեցմանը մինչև 2009 թ.-ի դեկտեմբեր, երբ Կոպենհագենում պետք է այդ հարցի շուրջ կոնֆերանս տեղի ունենա։
Նա ողջունել է ԵՄ շրջանակներում կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված պայմանավորվածությունների ձեռքբերումը և նշել է քաղաքական առաջնորդության՝ 2008 թ.-ին Եվրամիությունում նախագահող Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե-Մանուել Բարոզուի կամքը։ Գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ «ոգեշնչված է ԱՄՆ ընտրված նախագահ Բարաք Օբամայի խոստումներով»՝ առաջնահերթ ուշադրության արժանացնել գլոբալ տաքացման հարցերը։
Իր կողմից խոստանալով արագացնել համաշխարհային կլիմայական խնդիրների լուծման տեմպերը՝ նա հիշեցրել է, որ ծրագրել է Նյու-Յորքում կլիմայի փոփոխության հարցերին նվիրված գագաթնաժողով անցկացնել 2009 թ.-ի սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաջորդ՝ 64-րդ նստաշրջանի ժամանակ։-0-

