Պան Գի Մունը խոսում է Կովկասում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի դերի վերանայման հնարավորության մասին
Կովկասում տեղի ունեցած օգոստոսյան իրադարձությունների կապակցությամբ ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն, հնարավոր է, ստիպված լինեն վերանայել իրենց դերը տարածաշրջանում, կարծում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։ Այս մասին ասվում է Հելսինկիում ԵԱՀԿ նախարարական համաժողովի մասնակիցներին հղած իր ուղերձում, որի տեքստը հինգշաբթի երեկոյան հրապարակվել է Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում։
Ավելի վաղ Ռուսաստանի և Աբխազիայի պաշտոնական ներկայացուցիչները բազմաթիվ անգամ կողմ էին արտահայտվել ձևաչափի և առաքելության անվանման փոփոխմանը, որը Վրաստանի կողմից ռազմական գործողությունների ծավալումից առաջ կոչվում էր «Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն»։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին բանաձևում, որը երկարացնում էր տարածաշրջանում ՄԱԿ-ի ներկայության մանդատը մինչև 2009թ. փետրվարի 15-ը, Ռուսաստանի պնդմամբ այն կոչվում էր ուղղակի «ՄԱԿ-ի առաքելություն», առանց Վրաստանի մասին հիշատակման։ Նախնական մանդատի համաձայն, առաքելությունը հետևում էր վրաց-աբխազական հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին և հիմնականում գործում էր Աբխազիայի տարածքում։
Հարավային Օսեթիայում գործում է ԵԱՀԿ-ի առաքելությունը։ «Օգոստոսին Վրաստանում և Հարավային Կովկասում ողբերգական ռազմական գործողություններից հետո և տարածաշրջանում պահպանվող անկայունության լույսի ներքո, հնարավոր է, որ մենք ստիպված լինենք վերանայել այն դերը, որը մենք (ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն) իրականացնում ենք տարածաշրջանում», - ասվում է փաստաթղթում, որը Ֆինլանդիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ժամանակ ընթերցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Վրաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Իոահիմ Վերբեկեն։
Աբխազիայում և Հարավային Օսեթիայում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ներկայության կարգավիճակի փոփոխման անհրաժեշտության մասին հայտարարում էր, մասնավորապես, ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի կողմից երկու կովկասյան պետությունների ճանաչման կապակցությամբ, պետք է փոխվի այդ առաքելությունների կարգավիճակը», - ասել է նա 2008 թ.-ի նոյեմբերի 19-ին Անդրկովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ ժնևյան բանակցությունների երկրորդ փուլի ավարտից հետո։
Անցած երեքշաբթի Սուխումիում ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում աբխազական իշխանություններն ևս հայտարարել են ՄԱԿ-ի առաքելության անվանման փոփոխության և ռազմական դիտորդների թվի կրճատման անհրաժեշտության մասին՝ ընդհանուր առմամբ կողմ արտահայտվելով հանրապետությունում ՄԱԿ-ի ներկայության պահպանմանը։
ԵԱՀԿ Նախարարների խորհրդին ուղված իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ Հարավային Օսեթիայում տեղի ունեցած պատերազմը ցույց տվեց, որ «երկարատև ժամանակաընթացքում քաղաքական ծանրակշիռ գործընթացի պակասը կարող է հանգեցնել հակամարտության»։
«Այս դասը անհրաժեշտ է հաշվի առնել ԵԱՀԿ տարածքում բոլոր սառեցված հակամարտությունների քննարկման ժամանակ», - կարծում է Պան Գի Մունը։
Ժնևում բանակցությունների ժամանակ բարձրացվում է նաև ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի առաքելությունների հետագա կարգավիճակի մասին հարցը։ Ինչպես ավելի վաղ հայտարարում էր ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, Ռուսաստանը հուսով է, որ փետրվարի կեսին, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կրկին երկարացնի ՄԱԿ-ի առաքելության լիազորությունները, ուղղում կմտցվի ՄԱԿ-ի դիտորդների մանդատի մեջ կամ որոշում կընդունվի ՄԱԿ-ի մասնակցության որևէ այլ ձևաչափի մասին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կողմերին բանակցությունների ժամանակ կենտրոնանալ իր կողմից առաջնահերթ համարվող խնդիրների լուծման վրա. դրանք են՝ անվտանգության ապահովումը, փախստականների և տարհանված անձանց վերադարձը։-0-

