Մադոննան և Գայ Ռիչին պաշտոնապես ամուսնալուծվել են

21.11.2008, 15:03
Մադոննան և Գայ Ռիչին պաշտոնապես ամուսնալուծվել են

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի հայտնի երգչուհի Մադոննան և բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչին պաշտոնապես ամուսնալուծվել են, հաղորդում է բրիտանական «Սքայ նյուզ» հեռուստաալիքը։ Ամուսնալուծության գործընթացը լոնդոնյան Բարձր դատարանում զբաղեցրել է ընդամենը մի քանի րոպե, քանի որ ամուսինները որոշել են հեռանալ միմյանցից խաղաղ կերպով՝ առանց ֆինանսական պահանջներ ներկայացնելու։ Ոչ Մադոննան, ոչ էլ Ռիչին դատարանում ներկա չեն եղել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ամուսինները ամուսնալուծվելու մտադրության մասին պաշտոնապես հայտարարել են այս տարվա հոկտեմբերին, 7,5 տարվա ամուսնությունից հետո։ Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով, բաժանվելու որոշումը ամուսինները դժվարությամբ են կայացրել։ Վերջին տարվա ընթացքում մամուլում բազմիցս հայտնվել են տեղեկատվություններ այն մասին, որ Ռիչին հոգնել է մշտապես իր կնոջ ստվերում գտնվելուց։ Իրավիճակը բարդացրել է նաև այն, որ Ռիչիի վերջին ֆիլմերը, նրա «Խաղաթղթեր, փողեր, երկու հրացանափող» («Карты, деньги, два ствола») հայտնի ֆիլմի համեմատ, մեծ հաջողություն չեն վայելել։ Մադոննան, թղթակիցների տեղեկատվության համաձայն, ամբողջ ուժով փորձում էր փրկել ամուսնությունը՝ երբեմն հրաժարվելով բավական շահավետ նախագծերից։ Ակնկալվում է, որ ամուսնալուծությունից հետո նա կարող է վերադարռնալ ԱՄՆ։ 50-ամյա Մադոննայի ունեցվածքը գնահատվում է 300 միլիոն ֆունտ ստեռլինգ, իսկ 40-ամյա Գայ Ռիչիինը՝ մոտ 30 միլիոն ֆունտ։ Ամուսինները դաստիարակում էին երեք երեխա՝ Մադոննայի դստերը՝ Լուրդեսին, ընդհանուր որդուն՝ Ռոքոյին և Աֆրիկայի Մալավիա երկրից 2006թ. որդեգրած Դևիդին։ -0-