Վարշավան համաձայն է ԱՄՆ ՀՀՊ բազայում ՌԴ մասնագետների «գրեթե մշտական ներկայությանը». ԱԳՆ

20.11.2008, 13:52
Վարշավան համաձայն է ԱՄՆ ՀՀՊ բազայում ՌԴ մասնագետների «գրեթե մշտական ներկայությանը». ԱԳՆ

Լեհաստանը պատրաստ է համաձայնել ԱՄՆ հակահռթիռային պաշտպանության (ՀՀՊ) բազայում ռուս մասնագետների «գրեթե մշտական ներկայությանը», հայտարարել է Վաշինգտոնում այցով գտնվող Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին։

Ենթադրվում է, որ ՀՀՊ ամերիկյան բազան կտեղաբաշխվի Ռեձիկովո վայրում՝ Սլուպսկա քաղաքից 4 կմ հեռավորության վրա։

Լեհաստանի ԱԳ նախարարն ասել է, որ Վարշավան պատրաստ է համաձայնել «հակահռթիռների լեհական բազայում ռուս դիտորդների գրեթե, սակայն ոչ ամբողջովին մշտական ներկայությանը»։ «Սա կլիներ վստահության տարրերից մեկը հակահռթիռային վահանի թեմայի վերաբերյալ Ռուսաստանի հետ բարդ բանակցություններում», - ասել է Սիկորսկին։

Նրա կարծիքով, Մոսկվան նման կերպ կկարողանար համոզվել, որ «որևէ վատ բան բազայում տեղի չի ունենում»։

Լեհ նախարարը նշել է, որ չի հասկանում ՀՀՊ-ի վերաբերյալ ՌԴ-ի առարկությունները, քանի որ, նրա խոսքերով, հակահռթիռային պաշտպանության համակարգը չի սպառնում Ռուսաստանի անվտանգությանը։

Միացյալ Նահանգները մտադիր է տասը հրթիռակործանիչներ տեղադրել Լեհաստանի տարածքում, իսկ ՀՀՊ համակարգի ռադար՝ Չեխիայի հանրապետությունում։  --0—