Պատմության մեջ առաջին անգամ Ամերիկան սևամորթ նախագահ ընտրեց

05.11.2008, 11:30
Պատմության մեջ առաջին անգամ Ամերիկան սևամորթ նախագահ ընտրեց
Պատմության մեջ առաջին անգամ Ամերիկան սևամորթ նախագահ ընտրեց

Դեմոկրատների թեկնածու, սենատոր Բարաք Օբաման հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ երկրի պատմության մեջ դառնալով նախագահական արշավում հաղթանակ տարած առաջին սևամորթ քաղաքացին։

CNN, NBC և «Fox» հեռուստաալիքների տեղեկատվության համաձայն, Օբաման այս պահի դրությամբ նախապես ստացել է 333 ընտրիչների աջակցությունը, ինչը գրեթե երկու անգամ շատ է, քան հանրապետական սենատոր Ջան Մակքեյնինը, ով դեռևս 156 ընտրիչների ձայներն է ստացել։ Երևանի ժամանակով ժամը 8։30-ի դրությամբ ձայների հաշվարկը դեռևս շարունակվում է, և Օբամայի ընտրիչների թիվը կարող է ավելանալ։ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթում է թեկնածուն, ով հավաքում է ընտրիչների 270 ձայներից ոչ պակասը (538-ից)։

Սենատոր Ջոն Մակքեյնը ընդունել է ԱՄՆ նախագահական ընտրություններում կրած պարտությունը, շնորհավորել է Օբամային հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Որոշ ժամանակ առաջ ինձ համար պատիվ էր զանգահարել սենատոր Բարաք Օբամային և շնորհավորել նրան այն երկրի նախագահ ընտրվելու կապակցությամբ, որը մենք երկուսս էլ սիրում ենք», - հայտարարել է Մակքեյնը՝ դուրս գալով իր կողմնակիցների մոտ կնոջ՝ Սինդիի հետ Ֆենիքս (Արիզոնա նահանգ) քաղաքում անցկացվող հանրահավաքի ժամանակ։

Ավելի ուշ կողմնակիցներին է դիմել նաև հաղթանակ տարած Բարաք Օբաման։ Ըստ ավանդույթի, սկզբից հանրահավաք է անցկացնում պարտվողը, որտեղ հրապարակավ ճանաչում է պարտությունը։ Հավաքած ձայների մասին հրապարակվող տվյալները նախնական են։ Պաշտոնական տվյալները հրապարակվում են նահանգների ընտրական հանձնաժողովների կողմից բոլոր քվեաթերթիկների մշակման ավարտից և նահանգի կառավարության պետական քարտուղարի կողմից հավաստիություն ստանալուց հետո. սովորաբար դա տեղի է ունենում մի քանի օր անց, իսկ հաճախ՝ ընտրություններից մեկ շաբաթ անց։

Այս տարի դեկտեմբերի 15-ին յուրաքանչյուր նահանգում ընտրիչները կանցկացնեն իրենց քվեարկությունը, որի ընթացքում ձայները կտան «իրենց» թեկնածուներին։ Ընտրիչների շրջանում քվեարկության արդյունքները պաշտոնապես կհրապարակվեն 2009 թ.-ի հունվարի 6-ին Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների համատեղ հատուկ նստաշրջանի ժամանակ։-0-