ԱՄՆ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հույս ունի. Բուշ
ԱՄՆ-ն հույս ունի, որ ձեռք կբերվեն պայմանավորվածություններ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ, ասվում է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ուղերձում՝ հասցեագրված Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում նրա վերընտրվելու կապակցությամբ։
«Մենք, մասնավորապես, հուսով ենք, որ առաջ կշարժվենք գլոբալ էներգետիկ անվտանգության բնագավառում մեր նպատակների ճանապարհով և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռք բերման ուղղությամբ», - ասվում է երկուշաբթի ադրբեջանական պաշտոնական ԶԼՄ-ների տարածած ուղերձում։
Ալիևը երկրորդ անգամ է ընտրվել Ադրբեջանի նախագահի պաշտոնում՝ հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ։ Նրա օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցած մարդկանց 88,73 տոկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ամերիկայի նախագահը շնորհավորել է Ալիևին հաղթանակի կապակցությամբ և հավաստել, որ գալիք մի քանի ամիսների ընթացքում կձգտի երկկողմ գործընկերության և երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը։
Ջորջ Բուշը վայր կդնի իր լիազորությունները 2009 թ.-ի հունվարի 20-ին, այդ օրը տեղի կունենա ԱՄՆ նոր նախագահի երդման արարողությունը, նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում կանցկացվեն 2008 թ.-ի նոյեմբերի 4-ին։-0-

