ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Մյանմարում քննարկել է փոթորկից տուժած բնակչությանն օգնություն տրամադրելու հարցերը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ուրբաթ՝ Մյանմարի նոր մայրաքաղաք Նեյպիդոյում բանակցություններ է վարել Մյանմարի Խաղաղության և զարգացման պետական խորհրդի նախագահ, գեներալ Տան Շվեի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռոյթեր գործակալությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Նարգիզ» ավերիչ փոթորկից տուժած Մյանմարի բնակչությանը միջազգային օգնության ցուցաբերմանն առնչվող հարցեր։
Վերջին տվյալներով, մայիսի սկզբին Մյանմարին հարվածած արևադարձային ցիկլոնի հետևանքով զոհվել է շուրջ 78 հազ. մարդ և մոտ 2,5 միլիոնը տուժել են։
Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Մյանմարի վարչապետ Թեին Սեինի և երկրի ռազմական ղեկավարության այլ բարձրաստիճան անդամների հետ բանակցությունների ընթացքում բարձրացրել է աղետի գոտուն հումանիտար օգնության մատակարարումը համակարգելու անհրաժեշտության հարցը։-0-

