Չորս ամերիկացի կոնգրեսականներ միացել են Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձևի նախագծին

16.04.2008, 16:44
Չորս ամերիկացի կոնգրեսականներ միացել են Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձևի նախագծին

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ստամբուլի «Ակոս» հայկական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձևի նախագծի կողմնակիցների թիվն ԱՄՆ Կոնգրեսում ավելացել է։ Բանաձևի տակ որպես համահովանավորներ իրենց ստորագրությունն են դրել Ներկայացուցիչների պալատի անդամներ Միշել Բահմանը, Չարլզ Գոնզալեսը, Զաք Սփեյսը և Թիմ Ուալբերգը։

«Օրենսդիրները բանաձևին իրենց աջակցության մասին հայտարարել են  Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Այսպիսով, բանաձևին աջակցող կոնգրեսականների թիվը հասել է 59-ի»,- չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին Ամերիկայի Հայկական Համագումարից։

Դինքը, որը բազմիցս անդրադարձել է Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանությանը, սպանվել է անցյալ տարի՝ հունվարի 19-ին, Ստամբուլում, իր թերթի խմբագրության դիմաց։

Ամերիկայի Հայկական Համագումարի աջակցությանն արժանացած բանաձևը 2007թ. հունվարիին ներկայացրել է կոնգրեսական Ջոզեֆ Քրաուլին։

Փաստաթղթում դատապարտվում է Հրանտ Դինքի սպանությունը և Թուրքիային կոչ է արվում՝ համապատասխան քայլեր ձեռնարկել խոսքի ազատության պաշտպանության համար, ինչպես նաև Քրեական օրենսգրքից հանել 301-րդ հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում թուրք ազգությունը վիրավորելու, մասնավորապես, Հայոց ցեղասպանության մասին հիշատակելու համար։

«Ես հպարտ եմ, որ պաշտպանում եմ այս բանաձևը և օգնում եմ Հրանտ Դինքի ժառանգության պահպանությանը»,- ասել է կոնգրեսական Բահմանը։

Իր հերթին Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին հայտարարել է, որ ԱՀՀ-ը ողջունում է կոնգրեսականների աջակցությունը՝ այս կարևոր օրինագծի ընդունման հարցում, որն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը։

«Հրանտ Դինքը հարգված քաղաքացի էր, հավատում էր ժողովրդավարական արժեքներին և խաղաղ փոփոխություններին։ Միակ ճիշտ քայլը կլինի Թուրքիայի կողմից ՔՕ 301-րդ հոդվածի անհասկանալի կիրառման նկատմամբ խիստ անհամաձայնություն արտահայտելը, մի հոդված, որով Թուրքիան իր քաղաքացիներին մեղադրանք է ներկայացնում Հայոց ցեղասպանության հարցի հրապարակային քննարկումների համար»,- ասել է Արդունին։

Բանաձևն ընդգրկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի օրակարագում։ Սենատի համապատասխան հանձնախմբի նախագահ Ջոզեֆ Բայդենը 2007թ. փետրվարին համանման նախագիծ է ներկայացրել, որն ընդունվել է մարտի 29-ին։ Բայդենի բանաձևը դատապարտում է Դինքի սպանությունը և Թուրքիային կոչ է անում՝ միջոցներ ձեռնարկել մարդու իրավունքների պաշտպանության համար և հանել 301-րդ հոդվածը։--0—