Սպիտակ տունը հրաժարվել է հրապարակել այլ երկրների կառավարություններին տապալելու ծրագրերը
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը վետո է դնելու ամերիկյան հետախուզության բյուջեի մասին օրինագծի վրա, եթե օրինագծում մնա ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից այլ երկրներում ժողովրդավարականորեն ընտրված կառավարություններին տապալելու մասին գաղտնի ծրագրերը ԱՄՆ կոնգրեսին ներկայացնելու պահանջը, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը ամերիկյան կոնգրես է փոխանցվել չորեքշաբթի։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «վարչակազմն անհանգստացած է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենին ներկայացված պահանջով», որն է՝ ամերիկյան օրենսդիրներին այդպիսի տեղեկատվություն տրամադրել։
«Ներկայացուցիչների պալատի և սենատի կողմից այս օրինագծի ընդունման և այն նախագահի ստորագրությանը ներկայացնելու դեպքում նախագահի ավագ խորհրդականները խորհուրդ են տալիս, որպեսզի նա վետո դնի փաստաթղթի վրա»,- ընդգծվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ներկայումս կոնգրեսի կողմից քննարկվող ԱՄՆ հատուկ ծառայությունների 2008թ. բյուջետային ֆինանսավորման օրինագծի տեքստում կա առանձին կետ, որտեղ գրված է, որ «ոչ ուշ, քան սույն ակտի ընդունումից 120 օր հետո, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը պարտավոր է կոնգրեսի հետախուզության հարցերով հանձնաժողովին ներկայացնել զեկույց՝ թույլտվությունների նկարագրությամբ, եթե այդպիսիք եղել են, տրված վերջին տասը տարիների ընթացքում հետախուզական գործունեություն ծավալելու համար՝ կապված ժողովրդավարական ընտրություններով ընտրված որևէ կառավարության տապալման հետ»։
Չնայած նախագահի՝ վետո դնելու սպառնալիքին, կոնգրեսի ներկայացուցիչների պալատը մտադիր է այս օրինագիծը քվեարկության դնել արդեն հինգշաբթի։--0—

