Ի հեճուկս ԱՄՆ-ի պնդումների՝ Իրանը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել. պաշտպանության նախարար

10.12.2007, 16:15
Ի հեճուկս ԱՄՆ-ի պնդումների՝ Իրանը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել. պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Իրանը երբեք չի ձգտել և ապագայում էլ մտադիր չէ ստեղծել ռազմական միջուկային տեխնոլոգիաներ, երկուշաբթի հայտարարեց Իրանի պաշտպանության նախարար Մոստաֆա Մոհամմադ Նաջարը։

Անցյալ շաբաթ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմը տարածել էր «Իրան. միջուկային մտադրություններ և հնարավորություններ» ինը էջանոց զեկույցի ոչ գաղտնի տարբերակը, որում հաղորդվում էր, որ մինչև 2003թ. աշուն իրանական ռազմական կազմակերպություններն աշխատել են միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ, այնուհետև այդ աշխատանքները դադարեցվել են։

«Իրանի Իսլամական Հանրապետությունն իր ողջ պատմության  ընթացքում չի ձգտել միջուկային զենք ստեղծել և չի էլ պատրաստվում դա անել, քանի որ դրա ստեղծումը հակասում է կրոնական հիմքերին, մարդկային սկզբունքներին և չի համապատասխանում մեր երկրի պաշտպանական դոկտրինային»,- ասաց ԻԻՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը՝ մեկնաբանելով ամերիկյան հետախուզության զեկույցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքերով, Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում և որևէ մեկի համար սպառնալիք չէ։ «Հակառակը, ապագայում Իրանի խաղաղ միջուկային տեխնոլոգիաները կարող են ծառայել տարածաշրջանի մյուս պետությունների խաղաղ նպատակներին»,- կարծում է Նաջարը։ --0—